ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ճապոնացի պրոֆեսորը ստեղծել է հեռուստացույցի էկրանի նախատիպ, որը կարող է փոխանցել ուտելիքի համը։ Այս նախագիծն արդեն անվանել են կարևոր քայլ մուլտիսենսորային ընկալման ստեղծման գործում։
Ինչպես գրում է
food.ru–ն, Տոկիոյում գործող Մեյձի համալսարանի պրոֆեսոր Հոմեյ Միյաշիտան ստեղծել է սարք, որը փոխանցում է ուտելիքի համը, այն անվանել են Taste The TV։
Կոնկրետ ճաշատեսակի համը ստեղծելու համար դրա մեջ փոշեցնում են մոտ 10 սրվակ հավելումներ։ Հետո նմուշը փոխանցվում է հիգիենիկ թաղանթի վրա, որով ծածկված է հարթ «հեռուստացույցը»։ Ուտելիքը համտեսելու համար էկրանը պետք է լիզել։
Սարքի ստեղծողը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ նման տեխնոլոգիաները կարող են լավացնել մարդկանց փոխգործակցությունն արտաքին աշխարհի հետ։
«Մեր նախագծի նպատակն է հնարավորություն տալ մարդկանց, որպեսզի նրանք իրենց զգան ինչպես ռեստորանում, եթե նույնիսկ նստած են տանը», – նշել է նա։
«Հեռուստացույցի» մշակմանը մասնակցել է ոչ միայն պրոֆեսորը, այլ նաև նրա ուսանողները` մոտ 30 հոգի։ Ավելի վաղ նրանք արդեն մշակել են մի քանի դիվայսներ, օրինակ` պատառաքաղ, որն ավելի հագեցած է դարձնում ճաշատեսակի համը։
Միյաշիտան ընդգծել է, որ վերջին մեկ տարում աշխատել է Taste The TV–ի ստեղծման վրա։ Հետագայում նա նախատեսում է թողարկել դիվայսի կոմերցիոն տարբերակը, որը կարժենա մոտ 65 հազար ռուբլի։ Միյաշիտայի խոսքով, «հեռուստացույցը» կհետաքրքրի սոմելիեներին և խոհարարներին, սարքի միջոցով կարելի է կազմակերպել հեռահար ուսուցում, ինչպես նաև համտեսել տարբեր մթերքներ։ –0–