ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի դերասան Ջո Մանգանիելոն PBS-ով հեռարձակվող Finding Your Roots սերիալում («Փնտրելով արմատները») պատմել է, թե ինչպես է իր մեծ տատը փախել Հայոց ցեղասպանության տարիներին:
Մանգանիելոն մանրամասն պատմել է սահմռկեցուցիչ պատմությունը, թե ինչպես է իր մեծ տատիկը փախել Հայաստանից 1915 թվականին՝ ականատես լինելով ամուսնու և յոթ երեխաների սպանությանը, գրում է
Dailymail-ը։
Նա պատմել է, որ թուրքերը 1915 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի պատրվակով եկել են տատու տուն և փորձել են իրականացնել իրենց սկսած ցեղասպանությունը։
«Նրանք սպանել են նրա ամուսնուն, կրակել նաև նրա վրա։ Նա պառկել է գետնին` ձևանալով, թե մահացած է, այդ ընթացքում հնչել են ևս յոթ կրակոցներ, որոնք ուղղվել են նրա յոթ երեխաների ուղղությամբ», – պատմել է դերասանը։
Մանգանիելլյոյի մեծ տատը ձևացել է մահացած մինչև թուրքերը դուրս են եկել տնից` թողնելով 8–րդ նորածնին օրորոցում, որպեսզի նա մահանա սովից։
Հետո դերասանը պատմել է, թե ինչպես է նրա մեծ տատը կապել երեխային մեջքից և փախել քաղաքից։ Նա հազիվ է խուսափել մահվան երթի սարսափելի ճակատագրից, որը նկարագրել է դերասանը:
«Նրանք ուղղակի ձեռնաշղթաներ էին կապում հայերին և դուրս էին բերում անապատ, իսկ քրդերին ազատում, զինվորական վերարկուներ, ձիեր ու հրացաններ էին տալիս, որպեսզի հետո նրանք գնային իրենց երդվյալ թշնամիների՝ հայերի հետ անելու այն, ինչ ուզում էին։ Նա դրանից խուսափել է: Երեխան մեջքի վրա կսպսծ հասել է Եփրատ գետը, լողալով անցել է այն, և երբ նա հասել է մյուս ափը, երեխան խեղդվել է», - պատմել է կինոաստղը:
Նա նաև ավելացրել է, որ մեծ տատը ապրել է քարանձավում` այլ փախստականների հետ, մինչև որ նրանց բռնել են գերմանացի զինվորականները։
Մանգանիելլյոյի մեծ տատը, ի վերջո, ռազմական ճամբարում հղիացել է գերմանացի սպայից և լույս աշխարհ բերել շիկահեր, կիսագերմանացի երեխայի։
Rolling Stone-ին տված հարցազրույցում դերասանը պատմել է, թե ինչն է ստիպել իրեն մասնակցել Finding Your Roots-ին և նկարագրել է իր տոհմածառի պատմության վրա լույս սփռելու փորձի մասին:
«Ես դեռ մանկուց գիտեի Հայոց ցեղասպանությունը վերապրածի պատմությունը, և որ կա այս գերմանացի զինվորը, որն իմ նախապապն է։ Վերջին տասը տարվա ընթացքում փորձում էի պարզել, թե ով է այդ գերմանացին։ Ես միշտ ստացել եմ բացասական պատասխան», -պատմել է դերասանը։
Ի վերջո Finding Your Roots-ը պարզել է, որ հայուհուն հղիացրած գերմանացի սպան Կառլ Վիլհելմ Բոյթինգերն էր, որը դրանից հետո վերադարձել է ընտանիքի մոտ՝ Գերմանիա:
«Ես վերապրածների ժառանգ եմ ... Պատկերացրեք՝ շիկահեր երեխայի մեծացնել ճամբարում, այն պարագայում, երբ հայերից ոչ ոք շիկահեր չէ, մեծացնել առանց հոր, հետո գալ Միացյալ Նահանգներ և մեծացնել այդ երեխային շրջապատի մյուս մեծահասակների հսկողության ներքո: Դա ծանր է»,- ասել է դերասանը:–0–