ԱՄՆ–ն և Ռուսաստանը սկսում են աշխարհը բաժանելու գործընթաց․ Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ–ն և Ռուսաստանը սկսում են աշխարհը բաժանելու գործընթաց։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական Ռուբեն Սաֆրաստյանը։
«Մի քանի տարուց մենք ապրելու ենք բոլորովին նոր աշխարհում։ Կառաջանա միջազգային հարաբերությունների հիերխախիկ համակարգ։ Գագաթին կլինեն ԱՄՆ–ն, Ռուսաստանը և Չինաստանը։ Ավելի ուշ նրանց կփորձի միանալ Հնդկաստանը», – գրել է Սաֆրաստյանը Facebook–յան իր էջում։
Նրա խոսքով, այս եզրակացությունները հիմնված են հետևյալ հայտարարության վրա, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։
«Հենց նոր երկարատև և բավակաին արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մենք քննարկեցինք Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, էներգետիկան, արհեստական բանականությունը, դոլարի ուժն ու մի շարք այլ թեմաներ», – Թրամփի խոսքերը մեջբերել է Սաֆրաստյանը։
Նախօրեին տեղի է ունեցել Պուտինի ու Թրամփի հեռախոսազրույցը, որը տևել է շուրջ մեկուկես ժամ։