2 զոհ և 1 վիրավոր՝ ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով. դասերը չեղարկվել են

13.02.2026, 13:52
Հարավային Կարոլինայի պետական համալսարանի  տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա 2 զոհ և 1 վիրավոր
2 զոհ և 1 վիրավոր՝  ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով. դասերը չեղարկվել են

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․Հարավային Կարոլինայի պետական համալսարանի (South Carolina State University) տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մեկը ստացել է մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը, գրում է ABC News-ը։

Համալսարանի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Օրինջբուրգի կամպուսի «Hugine Suites» ուսանողական բնակելի համալիրի բնակարաններից մեկում։

Կրակոցներից անմիջապես հետո բուհի տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն (lockdown), որը պահպանվել է մի քանի ժամ։

Պաշտոնյաները դեռևս որևէ տեղեկություն չեն հայտնել կասկածյալի վերաբերյալ։ Հարավային Կարոլինայի իրավապահ մարմինների դիվիզիան (SLED) իրականացնում է քննություն։

Համալսարանի փոխանցմամբ՝ պաշտոնյաները դեռ չեն հաստատել զոհերի ինքնությունը և վիրավորի առողջական վիճակը։ Ուրբաթ օրը դասերը չեղարկվել են։