ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար

ՄՈՍԿՎԱ, 31 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ), «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել երեքշաբթի Մոսկվայում «Եվրասիական ինտեգրում» ХII միջազգային համաժողովի ժամանակ, որն անցկացվում է ԵԶԲ–ի կողմից, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
Փաստաթուղթը ստորագրել են ԵԶԲ–ի կողմից` բանկի վարչության փոխնախագահ Կոնստանտին Լիմիտովսկին, «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից` խմբի փոխնախագահ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի Տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի կողմից` ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։
Նախագծի շրջանակում նախատեսված ներդրումները կուղղվեն ընկերության նոր բաշխիչ ցանցերի և ենթակայանների վերակառուցմանն ու կառուցմանը, ցանցին նոր սպառողներ միացնելուն, էլեկտրաէներգիայի հաշվիչների փոփոխությանն ու տեղադրմանը, էլեկտրաէներգիայի կոմերցիոն հաշվարկման ավտոմատացված համակարգի ներդրմանը, կառավարման ավտոմատացված համակարգի (MIS) և կառավարման միջազգային չափորոշիչների (ISO) ներդրմանը։
Կոնստանտին Լիմիտովսին, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, նշեց, որ ԵԶԲ–ն վերջին մի քանի ամսում ակտիվորեն աշխատել է «Հայաստանի էլ. ցանցեր» ընկերության հետ` վերջինիս ֆինանսավորում տրամադրելու նախագծի մշակման համար հետագա ընկերության հետագա ընդլայնման նպատակով։
«Բանկի առաքելության համաձայն, էներգետիկայի ոլորտը ներդրում կատարելու առաջնահերթ ուղղություններից է։ ԵԶԲ–ն քննարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ին մինչև 10 տարի ժամկետով 100 մլն դոլարի չափով վարկ տրամադրելու հնարավորությունը», – տեղեկացրեց նա։
Կարեն Դարբինյանն իր հերթին նշեց, որ այն բանից հետո, երբ «Տաշիր» ԸԽ–ն դարձավ «Հայաստանի էլ. ցանցերի» սեփականատերը, արդեն կա մինչև 2021 թ.–ը հաստատված ծրագիր` 200 մլն դոլարի չափով։
«Այժմ հաստատման համար պատրաստվում է 500 մլն դոլարի ծրագիրը։ Այս գումարը կներդրվի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վերազինման համար», – ասաց նա ու ավելացրեց, հաստատումը տեղի կունենա նոյեմբերի 15–ին։
Դաբրինյանը նաև տեղեկացրեց, որ աշխատանք է տարվում ինչպես ԵԶԲ–ում, այնպես էլ ՎԶԵԲ–ում և ԱԶԲ–ում։ Ներգրավվում են միջոցներ այս ծրագիրն իրականացնելու համար։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի խոսքով, նախագծի իրականացման արդյունքում նախատեսվում է որակապես բարելավել էլեկտրաէներգիայի բաշխման ֆունկցիաները, նվազեցնել դրա կորուստն ու օպտիմալացնել ընթացիկ ծախսերը, արդիականացնել էլեկտրաէներգիայի ֆիզիկական և կոմերցիան հաշվարկման համակարգը, ընդլայնել բաշխիչ ցանցերը, կրճատել բաշխիչ ցանցերին միանալու ժամկետները, կատարելագործել բաշխիչ ցանցերի կառավարման համակարգը։
Եվրասիական զարգացման բանկը Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին հիմնված միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որն օժանդակում է անդամ պետությունների շուկայական էկոնոմիկայի զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ ԵԶԲ–ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար։ Բանկի անդամ պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն զբաղվում է էլեկտրաէներգիայի տեղաբաշխմամբ Հայաստանի ողջ տարածքում։ Ընկերությունն ունի ավելի քան 1 մլն սպառող։ Այն խոշորագույն գործատուներից և երկրի խոշոր հարկ վճարողներից է։
«Տաշիր» ընկերությունների խումբը (որը գլխավորում է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը) 2015 թ.–ի սեպտեմբերին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ռուսական էներգահոլդինգից ձեռք բերեց երկու հայկական էներգետիկ ակտիվ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն և Հրազդանի ՋԷԿ–ը։–0–