10 ֆինանսական սխալներ, որոնք անհետևանք չեն մնա ճգնաժամի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կյանքում մենք հաճախ կատարում ենք տարբեր ֆինանսական սխալներ, որոնք մեծ ազդեցություն չեն ունենում, քանի դեռ ամեն ինչ կայուն է։ Սակայն ճգնաժամի պայմաններում, երբ եկամուտներն ու կենսամակարդակը նվազում են, իսկ աշխատեղերի քանակը պակասում է, և երկրում զգացվում է մեծ տնտեսական անկում, հեշտ է մատնվել խուճապի, և, օրինակ, վերցնել շատ վարկեր, առանց որոնց կարելի է ապրել, կամ վերջին փողերով կատարել մեծ թվով խոշոր գնումներ և այլն։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն արդեն խոսել է ֆինանսական որոշ սխալների մասին, սակայն հիմա մենք հրապարակում ենք առավել տարածված սխալները, որոնցից կարելի է խուսափել։
Եվ այսպես, ինչ չպետք է անել.
1. Փակել բանկային հաշիվներն ու պահել կանխիկ գումար։ Հայաստանում ավանդի տեսքով ներդրված դրամական միջոցները ենթակա են պետական ապահովագրության, ինչը թույլ է տալիս պաշտպանել ավանդատուների իրավունքները ու շահերը։ Եթե բանկի հետ ինչ–որ բան պատահի, օրինակ, հետ կանչվի նրա լիցենզիան կամ այն ճանաչվի սնանկ, Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը կփոխհատուցի ավանդատուների միջոցները` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքին համապատասխան։ Հիշեցնենք, որ դրամով երաշխավորված ավանդի առավելագույն գումարն այսօր կազմում է 10 մլն դրամ, արտարժույթի դեպքում` 5 մլն դրամ։ Եվ, իհարկե, սխալ է պահել գումարը կանխիկով։ Հանելով ավանդը բանկից դուք, առաջին հերթին կորցնում ենք կուտակած տոկոսները, և երկրորդը` կանխիկի դեպքում մեծ է խարդախներից և գողերից տուժելու ռիսկը։
2. Բոլոր ֆինանսները կենտրոնացնել մեկ ակտիվում։ Պետք չէ ռիսկի դիմել և բոլոր ֆինանսները պահել մեկ ակտիվում, չէ՞ որ անգամ հարուստներն իրենց նման բան թույլ չեն տալիս։ Բացի այդ, բոլոր դրամական ռեսուրսները մեկ ակտիվ տեղափոխելը կապված է բարձր գործարքային պահումների հետ։
3. Գնել չափից շատ մթերք, իրեր, տարբեր տեխնիկա։ Եթե անգամ մտավախություն ունեք, որ ձեր ֆինանսական դրությունը կարող է վատանալ, չարժե անել չմտածված ու մեծ քանակի գնումներ։ Շատ մթերքը կարող է փչանալ, իսկ, օրինակ, տարբեր տեսակի տեխնիկան, հատկապես խոշոր չափերի, ճգնաժամի ժամանակ կարող է ունենալ ցածր լիկվիդայնություն։ Եթե ձեզ շտապ գումար անհրաժեշտ եղավ, իսկ դրա հավանականությունը մեծ է, դուք դժվար թե կարողանաք շահավետ վաճառել ավտոմեքենան կամ ավելորդ հեռուստացույցը։
Ճգնաժամի օրերին փողը կարող է պետք գալ ցանկացած պահի: Այդ պատճառով այն ծախսեք միայն առաջին անհրաժեշտության ապրանքների կամ գործիքների վրա, որոնք կարող են օգնել ձեզ գումար վաստակել, իսկ մնացածը կգնեք ճգնաժամից հետո:
4. Գնել չնախատեսված անշարժ գույք: Ճգնաժամի ընթացքում կտրուկ նվազում է անշարժ գույքի պահանջարկը և սեփականատերերը ստիպված են լինում իջեցնել գները կամ վնասով վաճառել բանկերում վճարումներ անելու համար: Այդ պահին կարելի է շահավետ գնով բնակարան ձեռք բերել (այսպես կոչված սթրես-ակտիվ): Իսկ երբ նախկին գները վերականգնվեն և կրկին պահանջարկ առաջանա, դուք էապես կխնայեք հիփոթեքի տոկոսների վրա կամ կկարողանաք շահել վաճառքից: Այնուամենայնիվ, անել դա կարելի է միայն այն դեպքում, եթե դուք համոզված եք վաղվա օրվա մեջ և ունեք առանձնացված գումար այդ գնման համար, հակառակ դեպքում կարող եք շատ տուժել:
5. Ձեռք բերել վարկային քարտ առանց խիստ անհրաժեշտության: Կարճաժամկետ վարկը ճգնաժամի ժամանակ կարող է ռացիոնալ քայլ լինել, եթե, օրինակ, դուք կրճատման տակ եք հայտնվել, իսկ ձեզ անհապաղ անհրաժեշտ է պարտադիր վճարումներ կատարել: Եթե արդեն ունեք ուրիշ աշխատանք ստանալու իրատեսական հեռանկար, ապա կարող եք դա թույլ տալ ձեզ և ժամանակին մարել վարկը: Այլ դեպք է վարկային քարտ բացելը` պարզապես գումար ծախսելու համար: Եթե դուք դժվարանում ենք վերահսկել սեփական ծախսերն, ապա ավելի լավ է վարկային քարտերից հեռու մնալ:
6. Վարկ ստանալ միկրոֆինանսական կազմակերպությունում վարկային վճարումները կատարելու համար: Վարկով ապրելը, երբ հին վարկերը փակվում են նորերի հաշվին, սխալ ֆինանսական մոտեցում է: Սա այն դեպքն է, երբ մարդու պահանջմունքներն ավելի բարձր են նրա հնարավորություններից: Ճգնաժամի պայմաններում հատկապես ռիսկային է միկրոֆինանսական կազմակերպությունների դիմելը շատ բարձր տոկոսադրույքների պատճառով, ինչը միայն կվատացնի վիճակը:

8. Հիփոթեք վերցնել շատ երկար ժամկետով (20-30 տարի)։ Այսօրվա արագ փոխվող ժամանակակից աշխարհում՝ իր ցիկլային տնտեսական և ֆինանսական ճգնաժամերով, շատ ռիսկային է այդքան երկար ժամանակով հիփոթեք վերցնելը: Հերթական ճգնաժամի պայմաններում (իսկ դրանք, միջին հաշվով, կրկնում են 10 տարի անց), կարող է այնպես ստացվել, որ ձեր ֆինանսական վիճակը թույլ չտա վճարել հիպոթեքային վարկի տոկոսադրույքները, և դուք կկորցնեք ձեր տունը, որն այդ վարկի գրավն է:
Երկարաժամկետ հիփոթեքի մասին արժե խոսել, եթե ձեր պայմանագրում նշվում է վաղաժամ մարման հնարավորություն, եթե հիփոթեքի համար վճարում եք ազգային արժույթով, և միայն այն դեպքում, եթե բոլոր պարտքերի (հիփոթեք, վարկային քարտեր և այլն) ամսական վճարումները չեն գերազանցում ընտանիքի մաքուր եկամտի 25% -ը: Բացի այդ, միայն տոկոսի գերավճարը մի քանի անգամ ավելացնում է բնակարանի սկզբնական արժեքը, իսկ բնակարանի գինը նվազում է հիփոթեքային վարկի այդքան երկար ժամկետի պատճառով, և դժվար թե դուք կարողանաք 20 կամ 30 տարվա բնակարանը վաճառել լավ գնով: Եթե բնակարանային սուր խնդիր կա, ավելի լավ է վարձակալել:
9. Անցնել տոտալ տնտեսման ռեժիմի կամ ծախսել ամեն ինչ։ Սրանք հուսահատ մարդու երկու ծայրահեղություններն են: «Ամեն ինչ ծախսելու» ռազմավարությունը հաճելի է, բայց կարճաժամկետ է, այն կարող է նույնիսկ կայուն ժամանակում ձեզ փորձանքի բերել: Միաժամանակ տոտալ տնտեսման ռեժիմը, երբ ամեն ինչում սահմանափակում ես, նույնպես լուրջ հոգեբանական ծանրաբեռնվածություն է առաջացնում:
Եթե դուք վճռականորեն որոշել եք գումար խնայել, գտեք ծախսի այն նվազագույն մակարդակը, որից չեք լարվում։ Սեփական անձի հետ ներդաշնակ ապրելու կարողությունը շատ կարևոր հմտություն է: Սահմանափակումները որևէ կերպ չպետք է ազդեն ձեր հոգեկան առողջության վրա: Ամենակարևորը, ավելորդ բաներ մի հորինեք, բարելավեք ձեր գիտելիքները և ավելացրեք տարբեր հմտությունների շրջանակը, այդ դեպքում դուք անպայման կգտնենք գումար վաստակելու միջոց:
10. Անտեսել ֆինանսական գրագիտության հիմունքները։ Այս կետը ներառում է եկամուտների և ծախսերի հաշվարկ և վերահսկում, ընտանիքի բյուջեի վարում, խնայողություններ ստեղծում, ինչպես նաև անվտանգության մինիմալ ֆինանսական բարձիկ, որը թույլ կտա առնվազն երեք ամիս հանգիստ ապրել:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–