Գրավատների մասին հինգ միֆեր, պարզում ենք բոլոր նրբությունները

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գրավատների շուրջ շրջանառվում են բազմաթիվ ասեկոսեներ, և նրանց ամբողջ գործունեությունը շրջապատված է այնքան շատ սուտ ու կեղծ ինֆորմացիայով, որ մենք պարզապես ցանկացանք պարզել` որն է ճշմարտություն, իսկ որը` սուտ։ Ի՞նչ է իրենից ներկայացնում է այս հնագույն ֆինանսական ինստիտուտներից մեկը, ինչպե՞ս է աշխատում, ի՞նչ թաքնված կողմերի կարող եք հանդիպել այս կազմակերպությունում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգ ամենատարածված միֆերն արագ գումար ստանալու հաստատությունների`գրավատների մասին։
Միֆ առաջին. գրավատունը կասկածելի հաստատություն է, որը ոչ մեկ չի վերահսկում
Հայաստանում գործում է 128 գրավատուն, որոնց գործունեությունը կարգավորվում է «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքով։ Միաժամանակ, ՀՀ ԿԲ–ն արտոնագրում և վերահսկում է նրանց աշխատանքը։
Միֆ երկրորդ. գրավատներն ունեցվածքը գնում են էժան` այն հետագայում ավելի թանկ վաճառելու նպատակով
Գրավատները հիմնականում գումար են աշխատում տոկոսների հաշվին, այդ պատճառով նրանց ձեռնտու չէ իջեցնել գրավի արժեքը։ Չէ՞ որ որքան ավելի բարձր է գնահատված գրավը, այնքան ավելի շատ գումար կվաստակի գրավատունը` վարկը տրամադրելիս։ Սովորաբար գրավը գնահատվում է նրա շուկայական արժեքի մինչև 85%–ի չափով։ Ինչ վերաբերում է չմարված գրավի վաճառքին, ապա ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, քանի որ գրավատան եկամուտը կախված է վաճառքի պահին առկա կոնյուկտուրայից`գրավադրված իրը կարող է վաճառվել ինչպես գնահատված արժեքից բարձր, այնպես էլ ցածր։ Եթե գրավադրված է ոսկերչական իր, ապա ոսկու գրամի գինը որոշվում է Կենտրոնական բանկի կողմից։
Միֆ երրորդ. գումարը տրամադրվում է սնանկացնող տոկոսադրույքով
Սովորաբար գրավատները հաշվարկում են օրական տոկոսադրույքը. այն կարող է լինել 0,1% -ից: Եթե հաշվարկել ամսով և տարով, ապա որոշ դեպքերում տոկոսները կարող են համադրելի լինել բանկերի սպառողական վարկերի պայմանների հետ: Ընդհանուր առմամբ, տոկոսադրույքներն այստեղ շատ ավելի ցածր են, քան միկրոֆինանսական կազմակերպություններում, չնայած շատ ավելի բարձր են, քան բանկերում: Գումարը տրամադրվում է անմիջապես (մեկ տարին չգերազանցող ժամկետով), փաստաթղթերից անհրաժեշտ է միայն անձնագիրը: Վարկառուի համար առավելագույն կորուստը հենց գրավն է: Գրավատունը պարզապես կվաճառի այն, եթե պարտքը ժամանակին չմարվի:
Միֆ չորրորդ․ գրավը կարող է կորչել
Հիշեք, որ գրավատունը պատասխանատու է ձեր կողմից գրավադրված գույքի անվտանգության համար և պարտավոր է ապահովագրել այն: Հուսալի պահարանը, ազդանշանային համակարգը և հաճախորդին տրամադրվող ապահովագրությունը գրեթե վերացնում կամ փոխհատուցում են կորուստների ռիսկերը:
Միֆ հինգերորդ․ գրավատուն դիմում են միայն աղքատները
Իրականում, գրավատների հաճախորդները ներկայացնում են բնակչության բավականին լայն հատված: Նրանք ոչ միայն ուսանողներ, կենսաթոշակառուներ և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներ են, այլև միջին եկամուտ ունեցող անձինք, պետական աշխատողներ, սպասարկման ոլորտի աշխատողներ և այլն: Բացի այդ, գրավատներ հաճախ դիմում են փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են արագ վարկ ստանալ գրավի դիմաց՝ առանց բանկ դիմելու:
Այժմ, երբ հիմնական միֆերը, կարծես, պարզեցինք, մնաց մի կարևոր հարց. ինչպե՞ս վարկ ստանալ գրավատանը։
Պատկերացրեք, որ գրավատուն որպես գրավ արժեքավոր գույք եք բերել: Սկզբի համար, գրավատունը գնահատում է այն, ընդ որում՝ անում է դա անվճար:
Իսկ հաջորդիվ կլինեն հետևյալ քայլերը.
- դուք վարկային պայմանագիր եք կնքում գրավատան հետ և ստանում համապատասխան վարկային փաստաթղթեր, ուշադրությամբ ուսումնասիրում եք դրանք՝ ուշադրություն դարձնելով վարկի ամբողջ արժեքին;
- գրավատունը ողջ միջոցները փոխանցում է ձեր հաշվին, քարտին կամ առձեռն տալիս է ձեզ
- վարկի ժամկետի սկիզբը համարվում է ձեր հաշվին կամ առձեռն ողջ դրամական միջոցների փոխանցման հաջորդ օրը
-վարկի մարման ժամկետն այն օրն է, երբ վարկային պայմանագրին համապատասխան` դուք գրավատանը կվերադարձնեք վարկի ամբողջ գումարը և կվճարեք բոլոր տոկոսները
Եվ միայն դրանից հետո դուք կարող եք հետ ստանալ գրավադրված գույքը։
Ընդհանրացում
Եթե որոշել եք գնալ գրավատուն, ապա անպայման ուշադրություն դարձրեք ընկերության անվանը: Գործող օրենքի պահանջներին համապատասխան՝ «գրավատուն» բառը կարող է օգտագործել միայն այն կազմակերպությունը, որն ունի գրավատան գործունեության լիցենզիա:
Ստուգեք ձեր կողմից ընտրված գրավատան առկայությունը Հայաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրում, որը հանրային տեղեկատվական ռեսուրս է, այն վարում է Իրավաբանական անձան պետական ռեգիստրի գործակալությունը: Համացանցում որոնեք արձագանքներ ձեր ընտրած ընկերության աշխատանքի մասին:
Հաշվի առեք, որ գրավատունը չպետք է աշխատի շուրջօրյա, քանի որ վերջինիս աշխատանքի ժամերը սահմանված են օրենքով, իսկ շուրջօրյա գործող գրավատունը, հավանաբար, թակարդ է:
Խուսափեք այն գրավատներից, որոնք գովազդում են իրենց գործունեությունը այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են, օրինակ, «Վերցնում ենք ամեն ինչ», «Գումար ենք տալիս բոլորին»: Այս փոքր թվացող ստից կարող են մեծ անախորժություններ սկսվել:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–