Ինչո՞ւ փողը միշտ չի բավականացնում և ի՞նչ անել նման իրավիճակում

27.10.2022, 11:10
Փողն ունի զարմանալի մի հատկություն՝ այն միշտ չի բավականացնում: Ինչու՞: Դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ
Ինչո՞ւ փողը միշտ չի բավականացնում և ի՞նչ անել նման իրավիճակում

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Փողն ունի զարմանալի մի հատկություն՝ այն միշտ չի բավականացնում: Ինչու՞: Դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պյատճառների վրա, մասնավորապես, ազդում է գնաճի մակարդակը, գների աճն ու կոմունալների ավելացումը: Եվ դրա հետ ոչինչ հնարավոր չէ անել: Իսկ սուբյեկտիվ պատճառների վրա կարելի է ազդել: Եվ ինչպե՞ս: Դրա մասին կխոսենք ավելի մանրամասն, բայց նախքան դա մի քանի խոսք փողի պակասի սուբյեկտիվ պատճառների մասին:

 - рис.1

Նրանք, ովքեր փնտրում են պատասխան այն հարցին, «թե ինչու միշտ փողը չի բավարարում», հաճախ նշում են հետևյալ պատճառները.

  • Սպառողական ծախսերն աճում են եկամուտների աճին զուգահեռ: Շատերի մոտ եկամուտների ավելացմանը զուգահեռ միանգամից հայտնվում են նոր պահանջմունքներ, որոնց բավարարելու մասին նրանք նախկինում չէին մտածում
  • Դրամական հոսքերի նկատմամբ վերահսկողության բացակայություն: Եթե դուք չեք հաշվարկում եկամուտներն ու ծախսերը, ապա դժվար թե իմանաք, թե որտեղ են ծախսվում փողերը
  • Մոտիվացիայի բացակայություն: Շատ պասիվ մարդիկ չեն ցանկանում որևէ բան փոխել իրենց կյանքում, նույնիսկ չեն ցանկանում ավելի շատ վաստակել
  • Քիչ արդյունք բերող գործունեության շարունակություն: Շատերը նախընտրում են աշխատել քիչ վարձատրվող պաշտոնում իսկապես եկամտաբեր գործով զբաղվելու փոխարեն
  • Մտավախություն, որ ոչինչ չի ստացվի: Ցածր ինքնագնահատականը լուրջ խոչընդոտ է այն մարդկանց ճանապարհին, ովքեր միշտ փողի կարիք ունեն: Նրանք չեն հավատում իրենց ուժերին, չեն հավատում, որ կարող են դեպի լավը փոխել սեփական կյանքն ու այդ պատճառով ոչինչ չեն ձեռնարկում
  • Բացասական ընտանեկան ավանդույթներ: Եթե ընտանիքում ընդունված չէ ունենալ խնայողություններ և ծախսվում են բոլոր եկամուտները, ապա նման ընտանիքի անդամը կհետևի նույնատիպ կանոնների
  • Տարրական ֆինանսական կրթվածության պակաս: Եկամուտների և ծախսերի պլանավորման հմտությունների և նրանց նկատմամբ վերահսկողության բացակայությունը, խնայողությունները կրկնապատկելու անկարողությունը հանգեցնում են փողի մշտական դեֆիցիտի: Բացի այդ, ֆինանսական հարցերում ոչ լիարժեք իրազեկված մարդը կարող է հեշտությամբ հայտնվել ֆինանսական բուրգում կամ խարդախների ծուղակում:

 - рис.2

Ինչի՞ց սկսել: Ինչպե՞ս սեփական կյանքը փոխել դեպի լավը

Պետք է սկսել առաջին հերթին սեփական մտածողությունից, նրանից, ինչ կա մեր գլխում։ Եվ քանի դեռ այս ամենը չի մշակվել, դուք կարող եք դեսուդեն նետվել՝ փնտրելով ինքներդ ձեզ, հարմար մասնագիտություն, բայց չստանալ ձեր ուզածը կամ բավարարվել նվազագույն արդյունքով։ Եվ այսպես.

  • Սովորեք ֆինանսական գրագիտություն: Ցանկության դեպքում դա դժվար չէ, քանի որ համացանցում կան բազմաթիվ ուսումնական դասընթացներ և օգտակար բլոգեր:
  • Սկսեք հետևել եկամուտներին և ծախսերին և պլանավորել ընտանեկան բյուջեն:
  • Ձեռք բերեք ֆինանսական անվտանգության բարձիկ. դա դժվար է, բայց անհրաժեշտ:
  • Ազատվեք պասիվներից կամ դրանք վերածեք ակտիվների։ Օրինակ, եթե ունեք մեքենա, հողատարածք կամ ավտոտնակ, որը չեք օգտագործում, բայց գումար եք ծախսում դրա պահպանման վրա, վաճառեք կամ հանձնեք վարձակալությամբ:
  • Ազատվեք թանկարժեք վատ սովորություններից, ինչպիսիք են ալկոհոլից կախվածությունը, ծխելը և այլն:
  • Օպտիմալացրեք ծախսերը, քանի որ բացի պարտադիր ծախսերից (կոմունալներ, վարկեր և այլն) կան նաև ոչ պարտադիր, օրինակ՝ ամեն շաբաթ նոր թանկարժեք հագուստը։
  • Դիվերսիֆիկացրեք ձեր եկամուտը մի քանի անկախ դրամական հոսքերի, ինչպիսիք են աշխատավարձը, գույքի վարձակալության եկամուտը, հոբբիից ստացված եկամուտը և այլն:
  • Սկսեք ներդնել փոքր գումարներ. կարող եք սկսել բանկային ավանդներից և խնայողական հաշիվներից, այնուհետև անցնել ավելի բարդ ֆինանսական գործիքների:
  • Եվ ամենակարևորը՝ հավատացեք ինքներդ ձեզ: Երբեմն ֆինանսների ծայրահեղ պակասի հետ կապված իրավիճակները մեզ դրդում են ստանալ նոր մասնագիտություններ, զարգացնել պահանջարկ ունեցող հմտությունները և դրսևորել ստեղծագործ մոտեցում փող վաստակելու գործընթացի նկատմամբ: Մեզանից յուրաքանչյուրի մեջ շատ տաղանդներ են թաքնված, պարզապես պետք է տեսնել դրանք և գործել։
 - рис.3

Եզրակացություն 

Այս խորհուրդները կարող են պարզ թվալ, բայց, ցավոք, մարդկանց մեծ մասը չի հետևում դրանց: Արդյունքում, նրանք ստիպված են բառացիորեն գոյատևել աշխատավարձից աշխատավարձ և ամեն անգամ իրենց հարց տալ. «Ինչո՞ւ փողը չի բավականացնում»: Բայց ամեն ինչ բավականին պարզ է՝ պետք է սովորել աշխատել փողի հետ, հարգանքով վերաբերվել դրան և ցաքուցրիվ չանել: Այդ ժամանակ դուք ձեռք կբերեք ֆինանսական ազատություն, և փողը կբավականացնի։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-