ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վերջին շրջանում հայաստանցիները սկսել են ավելի հաճախ ձեռք բերել հիփոթեքով բնակարան։ Միայն 2021թ.–ին Հայաստանում հիփոթեքային վարկերի ծավալն ավելացել է մոտ 30%–ով։ Որոշ քաղաքացիների համար բնակարանի արժեքի մաս–մաս վճարումը, չնայած տոկոսներին, ավելի մատչելի է, քան առանց վարկի գնումը։ Բայց հիփոթեքային վարկը կապված է մեծ փողերի հետ, իսկ դրանք պետք է վերադարձնել երկար ժամանակ։ Այդ պատճառով շատ կարևոր է չսխալվել ապագա բնակարան, բանկ, հիփոթեքի պայմաններ ընտրելիս, պայմանագիրը ձևակերպելիս և այլն։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է պոտենցիալ փոխառուների թույլ տված առավել տարածված սխալները և դրանցից խուսափելու միջոցները։
Բացի բազմաթիվ բանկերի կողմից տրամադրվող հիփոթեքային վարկերից, երկրում գործում է արտոնյալ հիփոթեքային վարկավորման ավելի քան 15 ծրագիր։ Թիրախային պետական ծրագրերի շրջանակում արտոնյալ պայմաններով հիփոթեք է տրամադրվում երիտասարդ ընտանիքներին, սկսնակ մասնագետներին, պետական ծառայողներին, միայնակ մայրերին։ Պետական սուբսիդավորմամբ հիփոթեքային ծրագրեր են իրականացնում երկու վերաֆինանսավորող ընկերություններ` «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ–ն և «Բնակարան երիտասարդներին» ՓԲԸ–ն, որոնց միակ բաժնետերն է Կենտրոնական բանկը։ Այդ ընկերությունների գործընկերներն են հայկական բանկերն ու վարկային կազմակերպությունները։
Ո՞րն է գլխավոր սխալը հիփոթեքային վարկ վերցնելիս
Մարդիկ հաճախ սխալներ են թույլ տալիս ոչ բավարար ֆինանսական գրագիտության պատճառով։ Եվ այսպես, դուք ուզում եք բանկում հիփոթեքային վարկ ձևակերպել, դրա համար պետք է ծանոթանալ առավել հաճախ հանդիպող սխալներին, որոնք թույլ են տալիս պոտենցիալ վարկառուները։
1. Վարկի ձևակերպում առանց կանխավճարի
Հիփոթեքային վարկ ձևակերպելուց առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե որքանով եք պատրաստ դրան։ Եթե չկա կանխավճար (գումարի առնվազն 20%–ը), ապա ավելի լավ է մի փոքր հետաձգել ձևակերպումը, քանի որ դա վատացնում է ֆինանսական պայմանները, որոնցով բանկը կձևակերպի վարկը։ Ավելի լավ է միանգամից հրաժարվել կանխավճարի համար սպառողական վարկ վերցնելու գաղափարից, քանի որ դա միայն կվատացնի իրավիճակն ու կավելացնի անշարժ գույքի արժեքը։ Երբ միջոցները բավարար չեն, ավելի լավ է կուտակել անհրաժեշտ գումարն` օգտագործելով այնպիսի ֆինանսական գործիքներ, ինչպիսիք են կուտակային հաշիվը, բանկային պահպանողական հաշիվը կամ պետական գանձապետական պարտատոմսերը։
2. Ցածր տոկոսադրույք և ռիսկեր
Ցածր տոկոսադրույքով հիփոթեք վերցնելն, իհարկե, հաճելի է։ Բայց պետք է ուշադրություն դարձնել հնարավոր լրացուցիչ վճարներին։ Դա կարող է լինել ապահովագրությունը, միջնորդավճարները և այլ վճարներ։ Սկզբում պետք է հաշվի առնել ընտրված բնակարանի արժեքը, իսկ հետո արդեն` տոկոսները։ Հիփոթեք ձևակերպելիս պետք է հիշել, որ եթե ձեզ շտապեցնում են, ապա պետք է զգույշ վերաբերվել այդ առաջարկին։ Ասեք, որ ուզում եք մանրամասն ծանոթանալ առաջարկվող օբյեկտին և մտածելու ժամանակ վերցրեք։
3. «Առանց նայելու» պայմանագրի ստորագրում
Առանց պայմանագրի մանրամասն ուսումնասիրության հիփոթեք վերցնելն ամենահիմար սխալն է, քանի որ դա գործարքի կնքման կարևոր փուլն է։ Հենց պայմանագրում են նշվում կողմերի իրավունքներն ու պարտավորությունները։ Նախօրոք ծանոթացեք պայմանագրին, կարելի է նույնիսկ խորհրդակցել անշարժ գույքի մասնագետի հետ, որն ունի հիփոթեքային վարկեր ձևակերպելու փորձ։ Եթե ձեզ ինչ–որ բան դուր չի գալիս, տվեք ճշտող հարցեր, խնդրեք փոփոխություններ կատարել պայմանագրում։ Դա նորմալ պրակտիկա է։ Հիշեք, որ հիփոթեքը ձևակերպվում է երկար ժամանակով և ձեր ստորագրած պայմանագրից է կախված լինելու ձեր կյանքի նյութական և էմոցիոնալ վիճակը առաջիկա 10, 20 և նույնիսկ 30 տարվա ընթացքում։
4. Ապահովագրության գնում
Ապահովագրության անմտածված ձևակերպումը հաջորդ ամենատարածված սխալներից է։ Պայմանագիր կնքելիս բանկն առաջարկում է ձևակերպել տարբեր տեսակի ապահովագրություն։ Դա կարող է լինել գրավի ապահովագորություն (ձեռք բերվող բնակարանի), ապահովագրություն գործունակության կորստից դժբախտ պատահարի հետևանքով (վարկառուի/համավարկառուի անձնական ապահովագրություն վարկի ողջ ժամանակահատվածի համար), կանխավճարի ապահովագրություն (արտոնյալ հիփոթեքի որոշ ծրագրերում)։ Միակ պարտադիր ապահովագրությունը գրավի ապահովագրությունն է։ Բայց, մյուս կողմից, գործունակության կորստի ապահովագրությունից հրաժարվելու դեպքում բանկը բարձրացնում է տոկոսադրույքը, այդկերպ բարդացնում է վարկի վճարումը։
Հարկ է նշել, որ յուրաքանչյուր բանկ ունի հավատարմագրված ապահովագրական ընկերությունների ցանկ, և հաճախորդն իրավունք ունի օգտվել դրանցից մեկի ծառայություններից։ Պետք է վերցնել այդ ընկերությունների կոնտակտները, պարզել հաշվարկային պոլիսների արժեքը` կախված սեռից, տարիքից, առողջական վիճակից և ընտրել առավել ձեռնտու տարբերակը։
5. Արտոնությունների անտեսում
Բանկում կարելի է հիփոթեք վերցնել պետական սուբսիդավորմամբ։ Հիփոթեքային պայմանագիր ձևակերպելուց առաջ ուսումնասիրեք գոյություն ունեցող առաջարկները, արտոնությունները։ Հիմա շատ են արտոնյալ հիփոթեքի ծրագրերը, որոնք, հնարավոր է, կտարածվեն նաև ձեզ վրա։ Դրա հաշվին կարելի է գումար տնտեսել։
6. Ֆինանսական կարգապահության բացակայություն
Վարկ ձևակերպելիս մարդը պետք է դրան բարոյապես պատրաստ լինի։ Բանկ գնալուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ դուք ունեք բավարար ֆինանսական կարգապահություն` ամսական վճարումներ կատարելու համար։ Կազմակերպեք եռամսյա փորձ. հետ դրեք գումար, որը պետք է ամեն ամիս վճարեք։ Այդպես դուք կհասկանաք` արդյոք կարող եք շտկել սեփական բյուջեն և 100 տոկոսով կստուգեք, թե որքանով եք պատրաստ հիփոթեքին։ Եթե գումարը չի բավարարում, ավելի լավ է չշտապել։
7. Չդիմել այն բանկին, որի միջոցով աշխատավարձ եք ստանում
Բանկ ընտրելիս առաջ հերթին հիշեք այն բանկի մասին, որի միջոցով աշխատավարձ եք ստանում։ Եթե այդ բանկը տրամադրում է հիփոթեքային վարկեր, ապա դա կարող է ավելի շահավետ լինել։ Առաջին հերթին, աշխատավարձ ստացող հաճախորդներին, որպես լրացուցիչ արտոնություն, հաճախ առաջարկում են ավելի ցածր անվանական տոկոսադրույք։ Ի դեպ, եթե հաճախորդը հրաժարվում է այդ բանկի միջոցով աշխատավարձ ստանալ, նշված արտոնությունը կարող է չեղարկվել։ Երկրորդը, վարկի ձևակերպման համար կպահանջվեն ավելի քիչ փաստաթղթեր (օրինակ` պետք չի լինի տրամադրել եկամուտները հաստատող տեղեկանք)։ Երրորդը, բանկն ամենայն հավանականությամբ ավելի պակաս պահանջկոտ կլինի ընթացիկ վայրում աշխատանքի նվազագույն ստաժի հարցում։
8. Տուգանք ժամկետանց վճարման համար
Ցավոք, ոչ ոք ապահովագրված չէ անկանխատեսելի իրավիճակներից։ Այդ պատճառով պետք է նախօրոք ծանոթանալ ժամկետանց վճարման կամ պայմանագրի այլ խախտումների համար սահմանվող տուգանքներին։ Ուշացած յուրաքանչյուր օրացուցային օրվա համար տույժը սովորաբար կազմում է վարկի ժամկետանց գումարի և տոկոսների ժամկետանց գումարի 0,13%–ը։ Եթե հաճախորդը չի վճարում մեկ ամսից ավել, ապա տուգանքներն ավելանում են։ Դա կարող է դառնալ շատ տհաճ անակնկալ, եթե պայմանագիրը ստորագրելուց առաջ ուշադիր չծանոթանաք դրա պայմաններին։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում