Ի՞նչ կարող են անել դատական կատարածուները պարտքերի համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Շատ փոխառուներ վարկ ստանալիս չեն պատկերացնում, որ եթե նրանք ժամանակին չվճարեն վարկի համար կամ չվճարեն տույժերը, ապա հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կարող է բռնագանձել նրանց դրամական միջոցները։ Սակայն պարտապանները պետք է իմանան, որ բռնագանձման չափը խիստ սահմանափակ է։
Հայաստանում բռնագանձմամբ հիմնականում զբաղվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ), և հազվագյուտ չեն այն դեպքերը, երբ բռնագանձվում է պարտապանի հաշվի վրա առկա ողջ գումարը։ Այս իրավիճակը գրավել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուշադրությունը, ինչի արդյունքում ստեղծվել է հատուկ տեսանյութ։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այն դեպքերը, որոնց պարագայում ԴԱՀԿ–ը կարող է բռնագանձել քաղաքացիների դրամական միջոցները։
Ի՞նչ է բռնագանձումը
Սկզբից հասկանանք, թե ինչ է բռնագանձումը։ Իրականում այն հասանելիք դրամական միջոցները ստանալու իրավաբանական մեթոդ է։ Գումարի հարկադիր բռնագանձման առավել տարածված տեսակներից է բռնագանձումը դատարանի միջոցով։ Իհարկե, կա նաև դատարանը շրջանցող միջոց, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ պարտապանները չեն ցանկանում ինքնակամ վճարել գումարը, եթե դա չի պարտադրվում դատարանի կողմից։ Արդյունքում, դատարանը դիմում է ԴԱՀԿ, որն էլ բռնագանձում է պարտապանի հաշվի վրա առկա գումարը։
Որքա՞ն կարող է կազմել բռնագանձման գումարը
ԴԱՀԿ–ը չի կարող կալանք դնել ձեր ողջ գումարի վրա գոյություն ունեցող սահմանափակումների պատճառով։ Դիտարկենք մի քանի դեպք. եթե ստանում ենք ալիմենտ, կենսաթոշակ, աշխատավարձ և միևնույն ժամանակ պարտապան եք, ապա հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կարող է բռնագանձել ձեր դրամական միջոցները, ընդ որում աշխատավարձի կամ դրան հավասարեցված այլ վճար ստանալու դեպքում ծառայությունը կարող է մինչև պարտքի ամբողջական մարումը բռնագանձել ձեր գումարի ոչ ավելի, քան 50 տոկոսը։
Եթե ձեզանից բռնագանձվում է ալիմենտ կամ վնասի դիմաց հատուցման վճար, ապա աշխատավարձից և դրան հավասարեցված վճարից պահվող գումարի չափը չի կարող գերազանցել աշխատավարձի 75 տոկոսը։
Իսկ եթե պարտապանը կենսաթոշակառու է, ապա կենսաթոշակից կարող է պահվել դրա 30 տոկոսից ոչ ավելին մինչև պարտքի ամբողջությամբ մարելը։
Բռնագանձման ենթակա չէ
Կարևոր է իմանալ, որ կան դեպքեր, երբ պարտապանի դրամական միջոցներից պահումներ կատարելն արգելվում է։
Մասնավորապես, պահումներն արգելվում են առողջության, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարից, ստացած ալիմենտից, պետական նպաստից, ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամություն ստացած մարդկանց անձանց կամ մահվան դեպքում նրանց ընտանիքներին հատկացվող գումարներից, հաշմանդամություն ունեցող անձանց տրվող գումարներից, վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատողներին տրվող փոխհատուցումներից, տուժողին սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման և խնամքի համար տրվող փոխհատուցումից, գործատուի կողմից աշխատանքից ազատվելու դեպքում տրվող արձակման նպաստից, պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին, ռազմական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորողներին և կուրսանտներին դրամական ապահովություն տրվող գումարից, պատվովճարներից, որոնք ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրվում են պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին։
Իրավունքների պաշտպանություն
Եթե ձեր իրավունքը խախտվել է դրամական միջոցների բռնագանձման հարցում, կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանին։ Պաշտպանին կարելի է դիմել բանավոր կամ գրավոր ինչպես Երևանում, այնպես էլ Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի մարզային ստորաբաժանումներում։ Պաշտպանին դիմելն անվճար է։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-