Հասանելի բոլորին. 14 օգտակար ֆինանսական սովորություններ

28.03.2023, 11:25
Եթե ցանկանում եք ապրել բարեկեցիկ, սովորեք ոչ միայն գումար վաստակել, այլև այն խելամտորեն ծախսել: Իսկ դրանում ձեզ կօգնեն օգտակար ֆինանսական սովորությունները, որոնք կներկայացնենք այս հոդվածում
Հասանելի բոլորին. 14 օգտակար ֆինանսական սովորություններ
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի-Արմենիա/. Եթե ցանկանում եք ապրել բարեկեցիկ, սովորեք ոչ միայն գումար վաստակել, այլև այն խելամտորեն ծախսել: Իսկ դրանում ձեզ կօգնեն օգտակար ֆինանսական սովորությունները, որոնք կներկայացնենք այս հոդվածում։

1. Սկսեք բյուջե կազմելուց

 - рис.1

Փողը հաշիվ է սիրում: Եթե դեռ բյուջե չեք կազմում, հիմա ժամանակն է սկսել: Սովորեք հաշվարկել ձեր բոլոր եկամուտներն ու ծախսերը, որպեսզի չծախսեք ողջ գումարն աշխատարձի հաշորդ իսկ շաբաթվա ընթացքում: Ծախսերի և եկամուտների հաշվարկն այն հիմքն է, որից պետք է սկսել ֆինանսների վերահսկումը: Դա կօգնի հասկանալ, թե որտեղ է ծախսվում գումարը, ինչ ծախսերից էր հնարավոր խուսափել և որքան կարելի է խնայել աշխատավարձից: Ձեզնից է կախված, թե ինչպես եք նախընտրում հաշվարկել բյուջեն: Այսօր համացանցում կարելի է գտնել բազմաթիվ տարբերակներ և ընտրել հնարավորինս հարմար ձևաչափը:

2. Կազմեք ֆինանսական պլան

 - рис.2

Եկամուտների և ծախսերի հաշվարկի համակարգը մշակելուց հետո հաջորդ քայլը պետք է լինի ֆինանսական պլանը: Սկսեք գալիք տարվա գլխավոր նպատակների ցանկից: Եթե երազում եք թանկարժեք գնումների մասին, ինչպիսիք են նոր մեքենան, կապիտալ վերանորոգումը կամ հիփոթեքի կանխավճարը, առանց ֆինանսական պլանի հնարավոր չի լինի: Միանգամից հաշվարկեք այն գումարը, որն անհրաժեշտ կլինի այս ցանկություններն իրականացնելու համար: Դրանից հետո գնահատեք ձեր հնարավորությունները, ինչ եկամուտներ և ծախսեր, ակտիվներ և պարտավորություններ ունեք, ամսական որքան կարող եք խնայել։ Հաշվեք՝ կարո՞ղ եք միաժամանակ գումար խնայել բոլոր նպատակների իրագործման համար, թե՞ պետք է անել դա՝ ըստ առաջնահերթության:

3. Մի խրվեք պարտքերի մեջ

 - рис.3

Չարժե գնել չափազանց թանկ իրեր, եթե դեռ չեք կարող դրանք թույլ տալ: Բայց չարժե վհատվել: Ի վերջո, կան տարբեր տեսակի ակցիաներ, շատ խանութներ հայտարարում են սեզոնային զեղչեր։ Այսօր մարդիկ ակտիվորեն օգտվում են այս հնարավորությունից և իրենց ուզածը գնում են շատ ավելի ցածր գնով։ Այդ պատճառով պետք չէ միանգամից դիմել բանկ վարկերի համար և խրվել պարտքերի մեջ:

4. Սովորեք խնայել

 - рис.4

Ամսական խնայեք ձեր եկամտի 10%-ը և ցանկացած չպլանավորված եկամտի 50%-ը: Խոշոր գնումների համար աստիճանաբար խնայեք ՝ գումար կուտակելով առանձին հաշիվներում մնացորդի տոկոսով, օրինակ՝ արձակուրդի, մեքենա գնելու, վերանորոգման համար և այլն։

5. Կանոնավոր կերպով համալրեք ֆինանսական անվտանգության «բարձիկը»

 - рис.5

Որպեսզի հանկարծակի հիվանդությունը, աշխատանքից ազատվելը կամ այլ արտակարգ իրավիճակները ձեզ հանկարծակիի չբերեն, սկսեք ձևավորել ֆինանսական «բարձիկ»: Այն պետք է հավասար լինի ձեր աշխատավարձերից մի քանիսին` 3-ից 6-ի: Ավելի լավ է այն ձևավորել բանկային ավանդի տեսքով: Այդ դեպքում կարող եք կուտակված տոկոսների հաշվին մասամբ փոխհատուցել գնաճի հետևանքով առաջացած կորուստը։

6. Ինչպե՞ս ճիշտ վարվել պարտքերի հետ

 - рис.6

Իհարկե, կատարյալ կլինի, եթե ընդհանրապես պարտքեր չունենաք։ Բայց արտակարգ դեպքերում ստիպված ենք լինում վարկ կամ ընկերներից պարտքով գումար վերցնել։ Ավելորդ խնդիրներից խուսափելու համար պետք է խելամտորեն վարվել պարտքերի հետ։ Եթե ունեք մի քանի վարկ, փորձեք վերանայել խոշորների պայմանները, օրինակ՝ վերաֆինանսավորել դրանք։

Մի քանի փոքր վարկերը կարելի է միավորել մեկ խոշորի մեջ՝ ավելի լավ տոկոսադրույքով: Ծրագիր կազմեք դրանք մարելու համար:
Խուսափեք ցանկացած պարտադիր վճարումների ուշացումից, լինի դա վարկ, թե կոմունալ վճարում, որոնց դեպքում հաշվվում է տույժ և տուգանք:

Փորձեք խուսափել ընկերներից ու ծանոթներից պարտքով գումար վերցնելուց։ Դրանում ձեզ կօգնի անվտանգության ֆինանսական «բարձիկը». ավելի լավ է պարտք վերցնել ինքներդ ձեզնից:

7. Ուշադիր կարդացեք պայմանագրերը

 - рис.7

Վարկեր կամ փոխառություններ ձևակերպելիս ուշադիր կարդացեք ձանձրալի և բարդ պայմանագրերը, որոնցից կախված է ձեր գումարի ճակատագիրը։ Մենեջերից ժամանակ խնդրեք և ուսումնասիրեք բոլոր փաստաթղթերը ու պարզաբանեք անհասկանալի հարցերը: Կես ժամ խնայելով պայմանագրի պայմաններն ուսումնասիրելու վրա՝ հետագայում կարող եք ավելի շատ ժամանակ և գումար ծախսել տհաճ հետևանքները վերացնելու համար։

8. Պարբերաբար իրականացրեք ֆինանսական աուդիտ

 - рис.8

Շատ օգտակար է ժամանակ առ ժամանակ վերանայել մշտական ծախսերը։ Կարող եք գտնել որոշ ծառայություններ, որոնցից գրեթե չեք օգտվում, և կարող եք հեշտությամբ հրաժարվել դրանցից կամ փոխարինել ավելի շահավետ առաջարկներով:

Ուշադրություն դարձրեք.

- բանկային քարտերի սպասարկման սակագներին. ստուգեք՝ արդյոք ունեք վճարովի սպասարկմամբ քարտեր: Եթե կան, բայց դուք չեք օգտագործում դրանք, ազատվեք դրանցից։ Իսկ եթե օգտագործում եք այն, մտածեք, թե արդյոք այդ քարտի օգուտը (բոնուսային ծրագիր, քեշբեք և այլն) գերազանցու՞մ է դրա տարեկան սպասարկման արժեքը:

- ավանդների տոկոսադրույքների առաջարկներին. պարբերաբար վերանայեք բանկերի կողմից առաջարկվող ավանդների տոկոսադրույքները: Պատահում է, որ մեկ այլ բանկ ավելի շահավետ պայմաններ է առաջարկում։ Ուսումնասիրեք այդ տարբերակները և ուշադիր ծանոթացեք պայմաններին:

- վճարովի բաժանորդագրություններին. ստուգեք՝ արդյո՞ք օգտագործում եք տեղեկություններ, որոնց համար վճարում եք, ժամանակ ունե՞ք դիտել ֆիլմեր և հեռուստաշոուներ բոլոր այն հարթակներում, որոնց բաժանորդագրված եք:
- հեռախոսային կապի և ինտերնետի սակագներին. կանոնավոր կերպով ստուգեք՝ արդյոք նոր օպերատորներն առաջարկու՞մ են ավելի լավ սակագին:

9. Մի անտեսեք բոնուսային ծրագրերն ու քեշբեքը

 - рис.9

Cashback-ը կամ գնումների դիմաց գումարի վերադարձի համակարգը, ինչպես նաև բոնուսային և հավատարմության տարբեր ծրագրերը հիանալի հնարավորություն են ծախսերը զգալիորեն կրճատելու համար: Մի անտեսեք այս տարբերակը:

10. Սկսեք պասիվ եկամուտ ստանալ

 - рис.10

Պասիվ եկամուտ ստանալու ամենապարզ ձևը բանկային ավանդն է: Եթե դուք արդեն ունեք ֆինանսական անվտանգության «բարձիկ» սև օրվա համար, ապա կարող եք փորձել ներդնել խնայողությունների մի մասը որևէ ավելի շահավետ բանում, օրինակ՝ ընկերության բաժնետոմսերում կամ պետական գանձապետական պարտատոմսերում: Միաժամանակ հաշվի առեք, որ յուրաքանչյուր ներդրում ունի իր դրական և բացասական կողմերը: Ամեն դեպքում մի հրաժարվեք պասիվ եկամտի ձևավորումից։

11. Պաշտպանվեք ռիսկերից

 - рис.11

Բնական աղետներ, հիվանդություններ, դժբախտ պատահարներ, երկնաքարի անկում՝ նման տհաճ իրավիճակները դժվար է կանխատեսել։ Այս բոլոր իրավիճակներն ազդում են ֆինանսների վրա: Սակայն ժամանակին ձևակերպված ապահովագրությունը կօգնի հաղթահարել տհաճ իրավիճակները:

12. Պահպանեք ֆինանսական անվտանգություն

 - рис.12

Օգտագործեք բարդ գաղտնաբառեր, մի այցելեք ֆիշինգային կայքեր, զգույշ եղեք գումար կանխիկացնելիս, ավելի լավ է հիշել քարտի գաղտնաբառը, քան գրել այն:

13. Մտածեք ավելի շատ վաստակելու հնարավորության մասին

 - рис.13

Ֆինանսական վիճակը բարելավելու երկու եղանակ կա՝ քիչ ծախսել կամ ավելի շատ վաստակել: Բացի այդ, դրանք կարելի է համատեղել: Մտածեք, թե ինչ կարող եք անել հիմնական աշխատանքից հետո՝ լրացուցիչ եկամուտ ստանալու համար, օրինակ՝ դրամայնացնել հոբբին, ազատվել չօգտագործվող ակտիվներից, գումար վաստակել ֆրիլանս հարթակներում և այլն:

14. Բարելավեք ձեր ֆինանսական կրթվածության մակարդակը

 - рис.14

Դուք երբեք չեք կարող ամեն ինչ իմանալ անձնական ֆինանսների զարմանահրաշ աշխարհում: Բայց դա չի նշանակում, որ պետք է դադարել փորձել:

Փորձեք միշտ ավելին իմանալ, որպեսզի կարողանաք ավելի լավ կառավարել սեփական գումարը և սովորեցնել երեխաներին անել նույնը:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-