Արձակուրդ` հաշվարկով. արձակուրդի ծախսերը պլանավորելու 5 խորհուրդ

08.07.2021, 11:23
Առաջարկում ենք մի քանի գործնական խորհուրդ, որոնք թույլ կտան վերահսկել ծախսերը և թույլ չեն տա, որպեսզի ձեր տրամադրությունը փչանա արձակուրդից վերադառնալուց հետո
Արձակուրդ` հաշվարկով. արձակուրդի ծախսերը պլանավորելու 5 խորհուրդ

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ամառն արձակուրդ գնալու ժամանակն է։ Բայց ուր էլ, որ գնանք,  միշտ պետք է հիշել ծախսերի մասին։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկանց մոտ 80%–ն արձակուրդի ժամանակ նախատեսվածից ավելի շատ գումար է ծախսում, իսկ դա նշանակում է, որ կամ պետք է հանգստի համար ավելի շատ գումար կուտակել, կամ հստակ պլանավորել բոլոր ծախսերը։ Համաձայնվեք, որ երկու տարբերակն էլ արդյունավետ են։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է մի քանի գործնական խորհուրդ, որոնք թույլ կտան վերահսկել ծախսերը և թույլ չեն տա, որպեսզի ձեր տրամադրությունը փչանա արձակուրդից վերադառնալուց հետո։ 

1. Նախօրոք պլանավորեք բյուջեն 

Փորձեք նախօրոք պլանավորել արձակուրդի ծախսերը, մոտավորապես հաշվարկել ծախսերը` սկսած ավիատոմսերից և բնակության վայրի ամրագրումից, մինչև մանր–մունր ծախսերը։ Իհարկե, դժվար է ամեն ինչ նախատեսել, բայց դուք, համենայն դեպս, ինչ–որ պատկերացում կունենաք ծախսերի մասին։ Ավելի լավ է գրառել նախատեսված բոլոր ծախսերը, հաշվարկել բոլոր մանրուքները, նույնիսկ ժամանցի համար նախատեսված ծախսերը, որպեսզի արձակուրդի ժամանակ հնարավոր լինի հասկանալ, թե որքան կարող եք ծախսել ուզած իրերը գնելու համար։ Եթե ձեր բյուջեն սահմանափակ է, ապա ավելի լավ է բաշխել ծախսերն` ըստ առաջնահերթությունների` սկզբում տրանսպորտը, բնակության վայրն ու սնունդը, իսկ հետո արդեն տուրերը, ատրակցիոնները, հուշանվերները և այլն։ 

 - рис.1

2. Արձակուրդ` վարկով 

Պատկերացնենք, որ դուք չեք կարողացել կուտակել անհրաժեշտ գումար արձակուրդի համար և որոշել եք բանկում վարկ վերցնել։ Այս դեպքում պետք է անպայման ուսումնասիրել շուկայում առկա բոլոր առաջարկները` ձեզ համար առավել հարմար պայմաններն ընտրելու համար։ Ուշադիր ուսումնասիրեք վարկի տոկոսադրույքն ու մարման ժամանակացույցը, պարտադիր հաշվարկեք, թե որքանով են ձեր եկամուտները համապատասխանում վարկի վճարներին` արձակուրդից հետո բարդ ֆինանսական իրավիճակում չհայտնվելու համար։ Հիշեք, որ եթե բարեխիղճ ձևով չմարեք վարկի տոկոսները, ապա կարող եք հայտնվել «սև» ցուցակում և ունենալ վարկային վատ պատմություն։ Իսկ դրա հետևանքով հետագայում չեք կարողանա ստանալ փոխառու միջոցներ։

 - рис.2 

3. Վճարային քարտ` օգուտով 

Մեր շատ քաղաքացիներ վերջին տարիներին արձակուրդ գնալիս իրենց հետ չեն վերցնում մեծ կանխիկ գումար` նախընտրելով օգտվելով վարկային քարտից։ Դա լավ միջոց է, բայց միայն ճիշտ քարտ ընտրելու դեպքում։ Շատ բանկեր հաճախորդներին առաջարկում են ճամփորդությունների համար ձեռնտու քարտեր, որոնք կարելի է վերցնել ճամփորդության ժամանակ` չառաջացնելով սպառնալիք հիմնական քարտի համար, բացի այդ դրանով կարելի է տնտեսել։ Բանկերը կարող են համագործակցել ավիաընկերությունների հետ և կոնկրետ քարտով վճարում կատարելու դեպքում դուք կարող եք կուտակել մղոններ ճամփորդությունների համար։ 

 - рис.3

Կան բանկեր, որոնք սահմանում են հատուկ քեշբեք ճամփորդությունների համար կամ զեղչեր հյուրանոցներում կամ խանութներում։ Բացի այդ, նման քարտերի համար բանկերը կարող են նախատեսել արժույթի փոխանակման հնարավորություն առանց լրացուցիչ միջնորդավճարի։ Ճամփորդությունից առաջ անպայման պարզեք, թե ինչ տեսակի քարտեր են ընդունվում այդ տարածաշրջանում և ձևակերպեք հենց նման քարտ, որպեսզի այն ընդունեն տեղական տերմինալներն ու բանկոմատները։ 

Ուշադիր օգտագործեք ինչպես կանխիկը, այնպես էլ քարտը, չէ՞ որ այն կարելի է կորցնել, մոռանալ բանկոմատում կամ խանութում, ինչի հետևանքով կարող եք հայտնվել բարդ իրավիճակում։ Մի մոռացեք ճշտել, թե որքան է միջնորդավճարը կոնկրետ այդ երկրում քարտից կանխիկացում կատարելիս։ 

Հաշվի առեք, որ նման ծառայությունը կարող է կազմել կանխիկացման գումարի 2-3%–ը, իսկ որոշ երկրներում` նույնիսկ ավել։ Եթե նախատեսում եք ռոումինգ ակտիվացնել, ապա ակտիվացրեք նաև SMS ծանուցումները հաշվի վրա իրականացվող փոփոխությունների մասին։ Դա կօգնի միշտ վերահսկել ծախսերն ու հասկանալ, թե որքան գումար է մնացել հաշվին։ 

Անպայման գրանցեք բանկի կոնտակտները, որպեսզի քարտը կորցնելու դեպքում կարողանաք անհապաղ կապվել բանկի հետ և արգելափակել քարտը։ Ուշադիր եղեք ռեստորաններում կամ այլ մարդաշատ վայրերում քարտով վճարում կատարելիս, թույլ մի տվեք, որպեսզի քարտը ձեր տեսադաշտից հեռու տանեն։ Նման հաստատություններում POS տերմինալները սովորաբար շարժական են, և դուք կկարողանաք վճարում կատարել ռեստորանում հենց ձեր սեղանի մոտ նստած։ Չեկը ստորագրելուց առաջ անպայման նայեք, որպեսզի նշված լինի այն գումարը, որը դուք պատրաստվում եք վճարել։ Պետք չէ քարտը տալ անծանոթին և նշել դրա ծածկագիրը։

 - рис.4 

4. Կանխիկին ևս պետք է ուշադրություն դարձնել 

Կանխիկ գումարին ևս պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի այն չկորի։ Պետք է դրանք նորմալ տեղ պահել և որ ամենակարևորն է` չպահել ամբողջ գումարը մի տեղ, չվերցնել դրանք լողափ կամ այլ մարդաշատ վայրեր։ Կարելի է հիմնական գումարը պահել հուսալի տեղում (օրինակ` հյուրանոցի համարի սեյֆում), իսկ որևէ տեղ գնալիս վերցնել մի փոքր մասը որոշ գնումների համար։ Ամբողջ գումարը միանգամից մի փոխարկեք տեղի արժույթով, հատկապես օդանավակայանում, այդպես դուք կկորցնեք փոխարժեքի տարբերության պատճառով։ Եթե գտնվում եք անծանոթ երկրում, ապա գումար փոխանակելու համար ավելի լավ է օգտվեք բանկի ծառայություններից։ Ուշադիր եղեք ձեր դրամապանակի նկատմամբ, և անծանոթներին մի ասեք, թե որքան գումար ունեք։

 - рис.5

5. Անպայման ձևակերպեք ապահովագրություն 

Ճանապարհորդելուց առաջ անպայման ձևակերպեք ապահովագրություն, քանի որ չգիտեք, թե ինչ կարող է տեղի ունենալ ճանապարհին, առավել ևս` օտար երկրում, չէ՞ որ կարող եք, օրինակ, կորցնել ձեր բեռը, ենթարկվել ավտովթարի, վնասվել կամ պարզապես վատ զգալ։ Այս դեպքում ձեզ կօգնի ճամփորդությունից առաջ ձևակերպված ապահովագրությունը։

 - рис.6

Նախօրոք ընտրեք առավել շահավետ առաջարկն ու պարզեք, թե կոնկրետ որ դեպքերում է գործում ապահովագրությունը։ Եթե ձեզ հետ տեղի ունենա նշված ապահովագրական դեպքերից մեկը, դուք պետք է կապվեք ապահովագրական ընկերության ներկայացուցչի հետ (կոնտակտները պետք է ստանալ նախօրոք), ով կգա դեպքի վայր և կփորձի ձեզ օգնել։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–