ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
Արևմտյան Հայաստանում՝ Անիում, նկարահանվել է Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը, որի պրեմիերան YouTube-ում կկայանա կիրակի ժամը 19:00-ին, 19:10-ին՝ Արմնյուզ հեռուստաալիքով:
«Ես ունեի վաղեմի մի երազանք՝ Անին: Երազում էի գոնե մի օր հայտնվել այնտեղ և գոնե մեկ անգամ լինել այնտեղ»,- պատմում է Սիրուշոն:
Առաջին անգամ Անիում հոլովակ նկարահանելու միտքը ծագել է «Պրեգոմեշ» տեսահոլովակը նկարահանելիս: Սիրուշոյի խոսքով, ինքը և իր թիմը երեք անգամ փորձել են մեկնել Անի՝ այնտեղ նկարահանում իրականացնելու համար, և միայն երրորդ անգամ հաջողվել է իրականացնել այդ քայլը:
Երգչուհին և նրա նկարահանող թիմը պատմում են այն զգացումների ու դժվարությունների մասին, որոնք նրանց հանդիպեցին Անի հասնելուն պես և ուղեկցում էին մինչև նկարահանման գործընթացի ավարտը՝ սկսած տեխնիկան սահմանով անցկացնելու տարբերակների որոնումից մինչև կլիմայական անակնկալներ:
Եվ, այնուամենայնիվ, տեսահոլովակը նկարահանվել է շնորհիվ նկարահանող թիմի հավատի և նվիրվածության: Տեսահոլովակի սյուժեն շարունակվում է արդեն Միացյալ Նահանգներում՝ ցույց տալու համար, թե Ցեղասպանություն վերապրածներն ինչպես են, իրենց հայրենիքից կտրվելով, հասել այդքան հեռու: Եվ եթե կա ապրելու ցանկություն, կա միավորող ոգի՝ ազգը կարող է կյանք սկսել ցանկացած այլ վայրում և վերածնվել: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում