«Սիրով լի կյանք»․ ՅՈւՆԵՍԿՕ–ի կենտրոնակայանում՝ Փարիզում կկազմակերպվի գալա–համերգ՝ նվիրված լեգենդար Շառլ Ազնավուրի 100–ամյակին

18.03.2025, 21:10
Համերգի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի սիրված և ճանաչված երգերը, որոնք անջնջելի հետք են թողել համաշխարհային երաժշտարվեստում
«Սիրով լի կյանք»․ ՅՈւՆԵՍԿՕ–ի կենտրոնակայանում՝ Փարիզում կկազմակերպվի գալա–համերգ՝ նվիրված լեգենդար Շառլ Ազնավուրի 100–ամյակին

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 25-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված շանսոնի և երաժշտարվեստի համաշխարհային լեգենդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Համերգը կրում «Une vie d'amour» («Սիրով լի կյանք») խորագիրը, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Շառլ Ազնավուրի հարուստ և յուրօրինակ երաժշտական ժառանգությունը կներկայացնի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ. մենակատարներ՝ Ինգա Արշակյան, Գոռ Սուջյան, Գուրգեն Բավեյան և Ժյուլ Գրիզոն:

Համերգի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի սիրված և ճանաչված երգերը, որոնք անջնջելի հետք են թողել համաշխարհային երաժշտարվեստում:

Համերգը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության և Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ համատեղ։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված հոբելյանական միջոցառումների շրջանակում։