Փարաջանովի արվեստը՝ Երևանի սրտում․ կհանրայնացվեն Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Հայ հռչակավոր կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, մոնտաժող, կինոսցենարիստ, վիզուալ արտիստ և կինեմատոգրաֆ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններն ու արվեստի գործերը կհանրայնացվեն:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի, «Սերգեյ Փարաջանովի թանգարան»-ի տնօրեն Անահիտ Միքայելյանի և նկարիչներ Գարեգին Հարությունյանի ու Հարություն Աղաբալյանի միջև կնքվել է գործակցության համաձայնագիր, որի նպատակն է նպաստել Փարաջանովի ստեղծագործությունների հանրայնացմանը:
Քառակողմ համաձայնագրով Երևանում սկիզբ է դրվում կարևոր նախաձեռնության:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ թեև թանգարանի հետ պաշտոնական համագործակցությունը նոր է հաստատվել, սակայն ծրագրերն ավելի վաղ են սկսել իրականացվել։
Որպես առաջին նախագիծ՝ Պետոյանն առանձնացրեց Տերյան փողոցում գտնվող ապամոնտաժման ենթակա շենքին փարաջանովյան գույներ հաղորդելը։
Նա հայտնեց, որ համագործակցության շրջանակում նախատեսվում է Փարաջանովի մասին պատմող ցուցատախտակների տեղադրում Կենտրոն վարչական շրջանում, ինչպես նաև այլ միջոցառումներ, որոնցից մեկը կանցկացվի հենց մարտի 8-ին։
Պետոյանի խոսքով՝ ծրագրի հիմնական նպատակն է մարդկանց էլ ավելի մոտեցնել Փարաջանովին և նրա ստեղծագործություններին։

