«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում

31.07.2017, 20:03
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։

Ֆրեսկոն կանցկացվի թե՛ Երևանի սրտում, թե՛ մարզերի պատմամշակութային վայրերում:
«Կարապի լճի տարածքում, զուգահեռ Երևանի պուրակներում, ինչպես նաև մշակութային դահլիճներում բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ, վարպետության դասեր . «առանց տոմսի» ձևաչափով միջոցառումները կդառնան հայաստանյան ամառվա վերջին տասնօրյակի անբաժան մասը»,– հայտնում են կազմակերպիչները։

Այս տարի «Ֆրեսկո»-ի ֆիլմացանկում ներառված է 25 երկրներից 42 նոր կինոժապավեն:
Իսկ Հաղպատի հանրահայտ խոհարար Ա. Քեֆոյանը մասնակիցներին և հյուրերին կծանոթացնի «Հայկական խոհանոցի ավանդական մշակույթ»-ին և բոլորի հետ միասին Հաղպատի բարիքներից կպատրաստի Ագապե՝ սիրո ճաշ: Հետաքրքիր հանդիպումներ են սպասվում նաև լուսանկարչության սիրահարներին, մայրաքաղաքում և մարզային ճամբարում կլինեն լուսանկարչության վարպետության դասեր:

Հայաստան են ժամանելու շատ սիրված իսրայելացի լուսանկարիչ Դ. Բրիկմանը և Ճապոնացի լուսանկարիչ Հայատո Մացումոտոն, ովքեր կներկայացնեն իրենց երկրների մշակույթն ու ավանդույթները և կկիսվեն իրենց մասնագիտական հմտություններով:

Անակնկալ է սպասվում նաև բնության սիրահարներին՝ փառատոնի վրանային կինոճամբարը նախատեսվում է Հայաստանի ամենաչքնաղ անկյուններից մեկում՝ Լոռու մարզի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված վայրերում՝ Հաղպատի, Սանահինի, Հաղարծնի Ախթալա և Քոբայրի վանքերի տարածքում:

Այս խորհրդավոր վայրերում մշակութային ճամբարի մասնակիցները, զբոսաշրջիկները՝ համայնքի բնակիչների հետ միասին, հնարավորություն կունենան դիտելու համաշխարհային կինոարվեստի այն ֆիլմերը, որոնք ժխտում են էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում մարդասիրություն, խաղաղություն, հայրենասիրություն, ուղղված են վերականգնելու ընտանեկան և առհասարակ հոգևոր արժեքները:

Загружается новость ... "Лево"

Փառատոնն այս տարի ունի նաև հատուկ ծրագիր՝ «Հետադարձ հայացք» խորագրով, որտեղ կնեկայացվեն հայ մտավորական, ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ կինովավերագրող Արա Վահունու ֆիլմերը:

Իսկ ԱՄՆ –ից և Կանադայից ժամանած վավերագրական ֆիլմերի մասնագետներ՝ Օդրի Էմերսոնը (ԱՄՆ) և Պասկալ Ժելինասը (Կանադա) կտան վարպետության դասեր հայ կինոարվեստի ներկայացուցիչների և կինոսերների համար:

Կազմակերպիչները հայտնում են, որ արդեն ավանդույթ դարձած փառատոնի ամենամյա հազարովոր հուշանվերները այս տարիի ևս կպատրաստեն փառատոնի նվիրյալ կամավորները՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների գլխավորությամբ:

Փառատոնի բացմանն ընդառաջ օգոստոսի 23-ին և 24 –ին Կարապի Լճի տարածքում կցուցադրվեն Ֆրեսկոյի նախորդ տարիների լավագույն մրցանակակիր ֆիլմերը: -0-