Համացանցում հայտնվել է «Հայաստանը և հայերը Առաջին աշխարհամարտում» վիրտուալ թանգարանը

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Համացանցում հայտնվել է «Հայաստանը և հայերը Առաջին աշխարհամարտում» հայ–ֆրանսիական վիրտուալ թանգարանը։ Ռեսուրսը ներկայացվել է երկուշաբթի ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատանը։
Վիրտուալ թանգարանը ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում` ՀՀ ազգային արխիվի և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի(CNRS) հետ համագործակցությամբ։
«ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ 2014 թ.–ին մենք սկսեցինք այս նախագծի իրականացումը, որի նպատակն է արխիվային փաստաթղթերի հիման վրա ներկայացնել հայ–ֆրանսիական կապերը Առաջին աշխարհամարտի տարիներին (1914-1918 թթ.)», – նշեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։
Նա ավելացրեց, որ Առաջին աշխարհամարտի տարիներին ֆրանսիական բանակի կազմում գործում էր Արևելյան լեգիոն, որը կոչվում էր նաև «Հայկական լեգիոն», որի կազմում հիմնականում պատերազմում էին հայ զինվորները։
«Մինչև 2018 թվականը (Առաջին աշխարհամարտի ավարտի 100–ամյակը) մենք կհամալրենք վիրտուալ թանգարանի արխիվները` ստեղծելով նոր բաժիններ, և այս նախագծի ավարտից հետո կստեղծվի կայք` մեծ թվով արխիվային փաստաթղթերով, որոնք վկայում են Հայաստանի և Ֆրանսիայի ամուր բարեկամական կապերի մասին»,– ընդգծեց Վիրաբյանը։
Նախագծի ղեկավար, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի տնօրեն Կլեր Մուրադյանն իր հերթին ավելացրեց, որ ֆրանսալեզու կայքն ապագայում կթարգմանվի նաև հայերեն և անգլերեն։
«Վիրտուալ թանգարանը բաղկացած է վեց հիմնական բաժիններից, որոնք վերաբերում են Հայաստանի և Ֆրանսիայի մշակութային, հոգևոր, տնտեսական կապերին Առաջին աշխարհամարտին նախորդող տարիներից, ինչպես նաև սկսած խորհրդային փուլից մինչև մեր օրեր։ Կա նաև բաժին, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը», –նշեց Մուրադյանը։–0–