Ա. Խաչատրյանի անվան երաժշտական մրցույթի ժյուրիի անդամները նվագել են Երևանում ցուցադրված XVIII դարի ջութակների վրա

08.06.2015, 20:19
Ա. Խաչատրյանի անվան երաժշտական մրցույթի ժյուրիի անդամները նվագել են XVIII դարի եզակի ջութակների վրա, որոնք ցուցադրվել են Երևանում ցուցահանդեսի ժամանակ։
Ա. Խաչատրյանի անվան երաժշտական մրցույթի ժյուրիի անդամները նվագել են Երևանում ցուցադրված XVIII դարի ջութակների վրա

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.  Ա. Խաչատրյանի անվան երաժշտական մրցույթի ժյուրիի անդամները նվագել են XVIII դարի եզակի ջութակների վրա, որոնք ցուցադրվել են Երևանում ցուցահանդեսի ժամանակ։

Ցուցահանդեսը, որը բացվել է նախօրեին Արամ Խաչատրյանի տուն–թանգարանում, կտևի երկու օր։

Առաջին անգամ Հայաստանում ցուցադրվում են այնպիսի հայտնի հեղինակների ութ ջութակներ, ինչպիսիք են Անտոնիո Ստրադիվարին, Նիկոլո Գալյանոն, Գասպարե Պիատելինին, Վինչենցո Պանորմոն, ինչպես նաև ֆրանսիացի Ժան Բատիստ Վիյոմը, որը ստեղծագործում էր դեռևս XIX դարում։ Ամենահին ցուցադրված ջութակը թվագրվում է 1700 թվականով։ Այն պատրաստել է իտալական ջութակի վարպետ Նիկոլա Ամատիի աշակերտ` Գոֆրեդո Կապոն։

«Ժյուրին յուրահատուկ համերգ է նվիրել հանդիսատեսին` նվագելով հին լարային գործիքների վրա», – հայտնում է մրցույթի կազմկոմիտեն։

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Արամ Խաչատրյանի մրցույթ» մշակութային հիմնադրամի և Del Gesu շվեյցարական հիմնադրամի բանակցությունների արդյունքում։

Շվեյցարիայում և Լիհտենշտեյնում գործող Del Gesu հիմնադրամի հիմնական նպատակն է աջակցել առավել հեռանկարային և տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին, որոնք ցանկություն ունեն նվագելու հայտնի վարպետների գործիքների վրա` իրենց կարիերայում առավելագույն արդյունքների հասնելու համար։

DGF–ը համագործակցում է մասնավոր կոլեկցիոներների և օժտված արտիստների հետ` կարգավորելով իրենց միջև փոխշահավետ համագործակցությունը։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում են Հայաստանի մշակույթի նախարարությունն ու «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը, աջակցում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Մրցույթն անցկացվում է ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով Հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: -0-