Սարյան փողոցում կսահմանվի միակողմանի երթևեկություն

14.07.2025, 11:30
Սարյան փողոցում երթևեկի կազմակերպման փոփոխությունների իրականացման մասով նախագծվել են նոր սխեմաներ
Սարյան փողոցում կսահմանվի միակողմանի երթևեկություն

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխությունների իրականացման մասով նախագծվել են երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

«Գիտենք՝ Սարյան փողոցը ինչպիսի նշանակություն ունի, ինչպիսի հոսք կա այդտեղ։ Այս փոփոխության արդյունքում կունենանք ևս մեկ երթևեկելի գոտի, որը ընդհանուր տրանսպորտային հոսքերի անընդհատություն կապահովի»,- ասել է Վազգեն Հարությունյանը՝ մանրամասնելով, որ  նախագծված նոր սխեմաներով նախատեսվում է Սարյան փողոցում սահմանել միակողմ երթևեկություն, որը սկիզբ կառնի Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ուղղությամբ՝ ընդգրկելով Սարյան փողոցը, ինչպես նաև Մոսկովյան փողոցի մի հատվածը։

«Բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար Բաղրամյան պողոտայից կարգելվի դեպի աջ երթևեկությունը դեպի Մոսկովյան փողոց՝ Սարյան ուղղությամբ։ Սարյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները կկարողանան երթևեկել առաջին երթևեկելի գոտուց ուղիղ դեպի Մոսկովյան փողոց և աջ դեպի Բաղրամյան պողոտա՝ Սայաթ Նովա ուղղությամբ, երկրորդ երթևեկելի գոտուց՝ ուղիղ դեպի Մոսկովյան փողոց, երրորդ երթևեկելի գոտուց՝ ուղիղ դեպի Մոսկովյան փողոց և ձախ դեպի Բաղրամյան պողոտա, չորրորդ երթևեկելի գոտուց ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա։ Մոսկովյան փողոցից Թամանյանի արձանի դիմացի հատվածից բոլոր տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել առաջին գոտուց աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա, իսկ երկրորդ երթևեկելի գոտուց ձախ՝ դեպի Սայաթ Նովա փողոցի ուղղությամբ»,-մանրամասնել է նա։

Անդրադառնալով Տիգրան Ավինյանի հնչեցրած հարցին առ այն, թե պոտենցիալ ինչ խնդիրներ կարող են ծագել նախատեսված փոփոխությունների շրջանակում՝ Վազգեն Հարությունյանը պատասխանեց.

«Փոփոխությունների շրջանակում Սարյան փողոցը միանշանակ ավելի լավ կաշխատի։ Մեր ՆԳՆ գործընկերների մտավախությունն այն է, որ Մաշտոցի պողոտայում լուսացուցային ռեժիմն այնպես պետք է կարգավորել, որ այդ հոսքը հակառակ ուղղությամբ կարողանա սպասարկել։ Այս ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ ընթանում են»։