Երևանում բացվել է Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված նկարչուհի Աննա Հարությունյանի ցուցահանդեսը

19.02.2015, 13:22
«And life started…» (Ու կյանքը սկսվեց...) խորագրով հայտնի նկարչուհի Աննա Հարությունյանի ցուցահանդեսը բացվել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում։ Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։
Երևանում բացվել է Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված նկարչուհի Աննա Հարությունյանի ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «And life started…» (Ու կյանքը սկսվեց...) խորագրով հայտնի նկարչուհի Աննա Հարությունյանի ցուցահանդեսը բացվել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում։ Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

«Ցուցահանդեսը նվիրել եմ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ Ոչ մի ազգ չի կարող վերանալ երկրագնդի երեսից ցեղասպանության կամ հոլոքոստի պատճառով, կյանքը միշտ շարունակվում է։ Հենց դա է ընկած ցուցահանդեսի խորագրի հիմքում», – նշեց նկարչուհին։

Նրա խոսքերով` նկարները մարմնավորում են աշխարհի ստեղծման տեսությունը, նկարներում արտահայտված է նաև հին հայկական գրապատկերների գաղափարը։

«Ես հատուկ ոչ մի աշխատանքին անվանում չեմ տվել, որպեսզի յուրաքանչյուրն իր ձևով կարողանա հասկանալ նկարների իմաստը։ Ինձ թվում է, որ կարողացել եմ հասնել իմ նպատակին», – ավելացրեց Հարությունյանը։

Նրա խոսքերով` հայ նկարիչների աշխատանքները միշտ տարբերվել են նրանց օտարերկրյա գործընկերների աշխատանքներից, քանի որ հայերն ունեն առանձնահատուկ մտածելակերպ ու մշակույթ։

«Չեմ ուզում, որ դա մեծամիտ հնչի, սակայն հայերը աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկն են, և հենց այդ պատճառով մենք ունենք հարուստ, խորը մշակույթ։ Մենք մյուս ժողովուրդներին սովորեցնելու բան ունենք», – նշեց Հարությունյանը։

Նրա խոսքերով` եթե ուշադիր ուսումնասիրել նկարները, ապա կարելի է տեսնել, որ նկարներում պատկերված են հին հայկական ժայռանշանները, որոնք կտավներին հատուկ նշանակություն են հաղորդում, մարմնավորում են աշխարհի ստեղծումը, երկինքը, հողը, ջուրը, հավիտենականությունը։

«Չեմ սիրում հետևել կոնկրետ ստեղծագործական ուղղությունների, իմ աշխատանքները միշտ կրում են համամարդկային բնույթ, ես փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի նրանք մատչելի լինեն յուրաքանչյուրի համար։ Յուրաքանչյուր մարդ ընկալում է իր աշխատանքներն իրեն հասանելի լեզվով», – ավելացրեց Հարությունյանը։

Նրա խոսքերով` նկարների ստեղծման գործում օգտագործվող տեխնիկան բավականին բարդ է և խառը։ Սա նոր տեխնոլոգիա է, որը հաճախ չի օգտագործվում։ «Ստեղծագործական պրոցեսը բավականին երկար էր, յուրաքանչյուր նկար ստեղծվել է իմ գործունեության տարբեր փուլերում», – նշեց նկարչուհին։

Աննան գեղարվեստական կրթություն է ստացել Հայաստանում և Գերմանիայում, չնայած համեմատաբար երիտասարդ տարիքին, հասցրել է մասնակցել  աշխարհում կազմակերպված մի շարք խմբակային ցուցահանդեսների։ Հայ նկարչուհու ստեղծագործությունները փորձագետների և մասնագետների բարձր գնահատականին են արժանացել։ 1997թ.–ին Փուլհայմ քաղաքում կազմակերպված «Առաջատար երիտասարդ նկարիչների» ցուցահանդեսի ժամանակ նա տարվա լավագույն նկարչուհի է ճանաչվել։

Աննան Հայաստանի և Գերմանիայի նկարիչների միությունների անդամ է, առաջին մրցանակների է արժանացել ոչ միայն Հայաստանում, այլև` արտասահմանում։

1995թ.–ից ի վեր Աննա Հարությունյանի աշխատանքների մոտ տասը անհատական ցուցահանդես է կազմակերպվել։ Նկարչուհու աշխատանքները ցուցադրված են Գերմանիայի, Վենետիկի թանգարաններում, ինչպես նաև` մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Գերմանիայում, ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Լիբանանում, Հունաստանում, Հավայան կղզիներում, Հոլանդիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում։

Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ Հարությունյանն ակտիվորեն զբաղվել է նաև հասարակական աշխատանքով։ Նա եղել է Հայաստանի երիտասարդ նկարիչների ասոցիացիայի նախագահը, Հայաստանի նկարիչների միության երիտասարդական թևի նախագահը, UNESCO–ի անդամ, ՀՀ ԱԺ կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովին կիս երիտասարդական խորհրդի պատգամավոր։

2013թ.–ին Աննա Հարությունյանն արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի, ինչպես նաև` «Տարվա նկարիչ» կոչումներին։ -0–