Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարը կանցկացվի աշխարհի ամենահայտնի հարթակներում

27.12.2014, 17:10
Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարը կանցկացվի 2015 թ.–ին աշխարհի ամենահայտնի հարթակներում։ Համերգաշարին կմասնակցեն հայտնի նվագախմբեր և կատարողներ, ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարը կանցկացվի աշխարհի ամենահայտնի հարթակներում

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարը կանցկացվի 2015 թ.–ին աշխարհի ամենահայտնի հարթակներում։ Համերգաշարին կմասնակցեն հայտնի նվագախմբեր և կատարողներ, շաբաթ օրը կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

«Այս տարվա գլխավոր խնդիրներից մեկը Մշակույթի նախարարության համար Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին պատրաստվելն էր։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ենք ցանկանում ասել ինքներս մեզ և աշխարհին հաջորդ տարվա ընթացքում», – ասաց Պողոսյանը։

Նրա խոսքերով` 100–րդ տարելիցին նվիրված Մշակույթի նախարարության գլխավոր նախաձեռնություններից կդառնա Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի կազմակերպումը։

«Նաև հաջորդ տարի նախարարությունը տարբեր երկրներում կկազմակերպի Ցեղասպանության մասին պատմող ֆիլմերի ցուցադրություններ», – ավելացրեց նախարարն` ընդգծելով, որ թվարկվածը միայն գերատեսչության կողմից նախատեսված միջոցառումների շարքի փոքր մասն է։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-