«Քրիստոնեություն. ժողովուրդ. քաղաքակրթություն» խորագրով գիտաժողով կանցկացվի Էջմիածնում սեպտեմբերի 26-27-ը

17.09.2014, 19:33
«Քրիստոնեություն. ժողովուրդ. քաղաքակրթություն» խորագրով գիտաժողով կանցկացվի Էջմիածնում սեպտեմբերի 26-27-ը «Առանց սահմանների» միջազգային փառատոնի շրջանակում, հայտնեց ՀԱԵ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը։
«Քրիստոնեություն. ժողովուրդ. քաղաքակրթություն» խորագրով գիտաժողով կանցկացվի Էջմիածնում սեպտեմբերի 26-27-ը

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Քրիստոնեություն. ժողովուրդ. քաղաքակրթություն» խորագրով գիտաժողով կանցկացվի Էջմիածնում սեպտեմբերի 26-27-ը «Առանց սահմանների» միջազգային փառատոնի շրջանակում, հայտնեց ՀԱԵ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը։

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները Հայաստանում սեպտեմբերի 22-28-ն անցկացնում են «Առանց սահմանների» խորագրով միջազգային փառատոն, որի շրջանակում բացի  գիտաժողովից, կանցկացվի նաև նկարիչների գործնական աշխատանք (workshop)` «Ժամանակ և տարածություն» թեմաներով։

«Մենք ուրախ ենք, որ գիտաժողովը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Կաթողիկոսի օրհնությամբ, որին կմասնակցեն հոգևորականներ Գերմանիայից, Ավստրիայից և Իսլանդիայից»,- ասաց Կարապետյանը չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով` նման համաժողովների կազմակերպումը չափազանց կարևոր է միջազգային և միջկրոնական կապերի հաստատման տեսանկյունից։ Համաժողովը նաև մեծ մշակութային արժեք կունենա։

«Մենք կներկայացնենք Սուրբ Էջմիածնի մշակութային ժառանգությունը։ Դա ոչ միայն օգնում է մեր մշակույթը ճանաչելի դարձնել, այլև ավելի շատ զբոսաշրջիկներ գրավել», - ասաց Կարապետյանը։

Նա նշեց նաև, որ համաժողովին մի շարք կարևոր հարցեր կքննարկվեն, մասնավորապես` ինչ դեր ունեն քրիստոնեության մեջ ազգի, Հայրենիքի, լեզվի, արժեքների, հանդուրժողականության հասկացությունները, որոնք այսօր տարբեր կերպ են մեկնաբանվում։

«Մենք համոզված ենք, որ մեր ազգային միասնականության հիմքը մեր հավատքն է, հոգևոր կյանքը, մեր եկեղեցին։ Երբ մենք ասում ենք «հայկական եկեղեցի», մենք հասկանում ենք հայ ժողովրդի ամբողջականությունը, երբ ասում ենք «հայ ժողովուրդ», հասկանում ենք «հայկական եկեղեցի»», - նշեց Կարապետյանը -0-