ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկյան Միլուոկի քաղաքի ոստիկանությունը գտել է Ստրադիվարիուսի` տասն օր առաջ կորած ջութակը, որը 5 միլիոն դոլար է գնահատվում, ուրբաթ հայտնում է Fox News հեռուստաընկերությունը։
Քաղաքի ոստիկանության ղեկավար Էդվարդ Ֆլինը հայտնել է, որ բացառիկ գործիքը հայտնաբերել են երեք կասկածյալներից մեկի տան ձեղնահարկում, ճամպրուկի մեջ։
Ոստիկանապետը հայտնել է, որ ջութակը շատ լավ վիճակում է և շուտով կվերադարձնեն տիրոջը` Միլոուկի քաղաքի Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ Ֆրենկ Ալմոնդին։
Անտոնիո Ստրադիվարիուսի` 1715 թ.–ին պատրաստած ջութակը գողացել են հունվարի 27–ին։ Անհայտ անձը հարձակվել է Սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակահար Ֆրենկ Ալմոնդի վրա, որի մոտ է եղել ջութակը։ Կողոպտիչը հափշտակել է ջութակը, նստել մեքենան, որի ղեկի մոտ եղել է նրա հանցակիցը և հեռացել անհայտ ուղղությամբ։
Ավելի ուշ գտնվել է ջութակի պատյանը։ Նվագախմբի աշխատակիցները տեղեկացրել են, որ ջութակը վերադարձնելու համար անհայտ անձինք երաժիշտներից պահանջել են 100 հազար դոլար։
Ոստիկանության տվյալների համաձայն` թանկարժեք երաժշտական գործիքը պատկանում է քաղաքի ազդեցիկ բնակիչներից մեկին։ Նրանք այն անժամկետ օգտագործման նպատակով տրամադրել էին Ալմոնդին։ Ստրադիվարիուսի ջութակը գնահատվում է ինչպես երաժիշտների, այնպես էլ կոլեկցիոներների կողմից։ Նախորդ տարի վարպետի ջութակը առցանց աճուրդով վաճառվել էր 2,3 մլն դոլարով։–0–