Հայաստանը Մոսկվայի Անտոն Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի հետ թատերական համատեղ նախագծի իրականացման հույս ունի, ասաց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Թատերական միությունների միջազգային համադաշնության նախագահ, Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան միջազգային փառատոնի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի նախագահին կից մշակութային խորհրդի նախագահության անդամ Վալերի Շադրինի գլխավորած պատվիրակությունն այս օրերին Հայաստանում է Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնին «Ռուսական մշակույթի սեզոններ» ծրագրի շրջանակներում:
«Մենք հանդես կգանք նախագծի նախաձեռնությամբ, և ես մեծ հույս ունեմ, որ Դուք, պարոն Շադրին, կօգնեք մեր ձեռնարկին»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պողոսյանը:
Նա նշեց, որ նախագծի քննարկումը կանցկացվի մի քանի օրից Երևանում անցկացվելիք «ԱՊՀ երկրների մտավորականություն» հերթական համաժողովի շրջանակներում:
Պողոսյանի խոսքով, նախագիծը կներկայացնի Հայաստանի թատերական գործիչների միության ղեկավար Հակոբ Ղազանչյանը, ում «Ես ճայ եմ» ներկայացմանը նախորդ տարի նույն համաժողովի շրջանակներում օժանդակել է Մարդասիրական համագործակցության միջազգային հիմնադրամը:
Շադրինն իր հերթին պատրաստակամություն է հայտնել մասնակցել նախագծի իրագործմանը և նշել է, որ չեխովյան փառատոնն ԱՊՀ երկրների թատրոնների հետ համագործակցության բարի ավանդույթ ունի:
Նրա խոսքով, ներկայում փառատոնը զբաղվում է «Լիր արքա» ներկայացումով ղրղըզական թատրոններից մեկի հետ: -0-