ՀՀ վարչապետը մասնակցել է հնադարյան մայրաքաղաք Անիի 1050-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

02.05.2011, 18:16
ՀՀ վարչապետը մասնակցել է հնադարյան մայրաքաղաք Անիի 1050-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է այժմ Թուրքիայի տարածքում գտնվող Անիի 1050-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։

Ինչպես լրագրողներին ասաց Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը, ցուցահանդեսի գաղափարը հղացել է Միության կողմից և իրականություն է դարձել ՀՀ կառավարության և Արարատյան հայրապետական թեմի օգնությամբ։

«Ավելի քան 20 հայ նկարիչներ ապրիլին այցելել են Անիի ավերակները և տեղում նկարներ են ստեղծել։ Մյուս ստեղծագործությունները ստեղծվել են հնադարյան մայրաքաղաքի լուսանկարների օգտագործմամբ։ Ընդհանուր առմամբ ավելի քան 70 նկար է ներկայացված»,- ասաց արվեստագետը։
Նա տեղեկացրեց, որ ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 15-ը։

Անին Հայաստանի հնադարյան մայրաքաղաքներից մեկն է, գտնվում է Շիրակում՝ Արփա և Ախուրյան գետերի ափերին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից, սկզբնապես մտել է Կամսարական նախարարական տան կալվածքների մեջ: Քաղաքն ունեցել է զարգացման 3 շրջան՝ Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ.) և Զաքարյանների (XII-XIV դդ)։

Բարգավաճման ժամանակահատվածում Անին ուներ շուրջ 100 հազար բնակչություն, և հայտնի էր որպես 1000 ու 1 եկեղեցիների քաղաք։ Քաղաքի ավերակներն այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի արևելքում՝ Ախուրյան գետի աջ ափին։ Այսօրվա դրությամբ մասամբ պահպանվել են միջնադարյան քաղաքային պատերը, սելջուկների ամրոցը, 11-13-րդ դարերի մի շարք հայկական եկեղեցիներ։ -0-