Վրաստանում գտնվող հայկական մշակութային հուշարձանները մեր երկրի հարստությունն են, ասաց Եվրոպական և եվրաատլանտյան կառույցներում ինտեգրման հարցերի պետական նախարար, Վրաստանի կառավարության փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։
«Վրաստանում բնակվող այլ ժողովուրդների մշակութային հուշարձանների հետ մեկտեղ կարծում եմ, որ հայկական հուշարձանների հետ էլ մենք համապատասխան կերպով ենք վարվում։ Կարծում եմ, որ այս հարցերի լուծումը պետք չէ քաղաքականացնել», - ասաց Բարամիձեն «Անկախ լրատվամիջոցները քաղաքացիական ինտեգրման համար» նախագծի շրջանակներում կազմակերպված օն-լայն հարցազրույցի ժամանակ։
«Անկախ լրատվամիջոցները քաղաքացիական ինտեգրման համար» նախագծին աջակցում է ԵՄ-ն, այն իրականացվում է Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի, Հետաքննող-լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Լրագրողների պաշտպանության «ՌՈՒԽ» կոմիտեի (Ադրբեջան) կողմից։
Հայկական ճարտարապետության ուսումնասիրությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների տվյալներով՝ 1995 թ.-ի դրությամբ Վրաստանի տարածքում գտնվում էր 650 հայկական եկեղեցի, որոնցից մի մասն այսօր կամ ավերվել է, կամ ներկայացվում է որպես վրացական ճարտարապետության հուշարձան։-0-