ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի Երևանում մասնակցեց Ռուսական արվեստի նորոգված թանգարանի բացմանը։
Թանգարանի տնօրեն Անահիտ Ֆլջյանը երկրի ղեկավարին ծանոթացրեց թանգարանի ցուցանմուշների հետ, ինչպես նաև պատմեց թանգարանի հիմանդրման պատմությունը։
Ռուսական արվեստի թանգարանը ստեղծվել է Հայաստանի մայրաքաղաքում 1984 թվականին Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա։
«Թանգարանը հրապուրիչ է նրանով, որ ցուցանմուշներում ներկայացված են ռուսական գեղանկարչության լավագույն շրջաններից մեկի՝ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի աշխատանքները»,- ասաց թանգարանի տնօրենը։
Նրա խոսքերով, այդ ժամանակահատվածի ռուս նկարիչների աշխատանքները բարձր են գնահատվում արվեստի աշխարհում։
Թանգարանի ֆոնդում 333 նկար կա, ինչպես նաև մի քանի քանդակ։ Թանգարանի ղեկավարությունը հատուկ հպարտությամբ է վերաբերվում հատկապես այնպիսի ռուս վարպետների աշխատանքներին, ինչպիսիք են Վրուբելը, Կորովինը, Սերեբրյակովը, Արխիպովը, Գրիգորևը և Սոմովը։
Իր հերթին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ևս նշեց երկրում Ռուսական արվեստի թանգարանի առկայության կարևորությունը։
«Ժամանակակից թանգարաններն ընդլայնում են իրենց գործունեության շրջանակները։ Օրինակ, տնօրեն Ֆլջյանը մտադիր է երաժշտական երեկոներ անցկացնել»,- ասաց նա։
Նախարարը նաև նշեց, որ թանգարանում ցուցադրված են ռուսական գեղանկարչության տարբեր ուղղություններ ներկայացնող նկարներ։
Ռուսական արվեստի թանգարանը Երևանում վերանորոգվել է ՀՀ նախագահի կարգադրությամբ Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով՝ 37 մլն դրամի չափով (120,4 հազար ԱՄն դոլար)։ Նորոգման աշխատանքներին իրենց լուման են ներդրել նաև Ռուսաստանի կառավարությունն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամը։
Նորոգման ծրագրի շրջանակներում թանգարանում տեղադրվել են ջեռուցման, լուսավորման և օդափոխման համակարգեր։ Աշխատանքների ավարտից հետո թանգարանում գործում է 8 սրահ, որոնցից մեկում ցուցադրված են հավաքածուի նախկին սեփականատիրոջ՝ Արամ Աբրահամյանի լուսանկարներն ու անձնական իրերը։ --0--