Ստեփանակերտում բացվել է «111 ակնթարթ Շուշի քաղաք-ամրոցի կյանքից» լուսանկարչական ցուցահանդեսը

07.12.2007, 16:51
Ստեփանակերտում բացվել է «111 ակնթարթ Շուշի քաղաք-ամրոցի կյանքից» լուսանկարչական ցուցահանդեսը
Ստեփանակերտում բացվել է «111 ակնթարթ Շուշի քաղաք-ամրոցի կյանքից» լուսանկարչական ցուցահանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «111 ակնթարթ Շուշի քաղաք-ամրոցի կյանքից» լուսանկարչական ցուցահանդեսը բացվեց երեկ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում։

Ինչպես բացման արարողության ժամանակ հայտարարեց «Շուշի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-ղեկավար, գրող Բակուր Կարապետյանը, ցուցահանդեսը յուրօրինակ փոքր քայլ է ղարաբաղյան այդ քաղաքի վերականգնման գործում։

Նա նշեց, որ Շուշին առանձնանում է ոչ միայն իր անկրկնելի բնությամբ, այլ նաև պատմական հուշարձաններով, մասնավորապես՝ հին ամրոցով։

Իր լուսանկարներում Կարապետյանը ներկայացնում է Շուշիի բնությունը, նրա բնակիչներին, տեսարժան վայրերը, հին եկեղեցիները։

«Ստեփանակերտում բացված լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացված են նաև հին լուսանկարներ, որոնք թվագրված են 1904-1910 թվականներով»,-հայտնեց Բ. Կարապետյանը։

«111 ակնթարթ Շուշի քաղաք-ամրոցի կյանքից» լուսանկարչական ցուցահանդեսը կազմակերպվել է Բակուր Կարապետյանի նախաձեռնությամբ, «Շուշի» հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի օժանդակությամբ։

Ներկայացված բոլոր 111 աշխատանքները պատկանում են Հայաստանի արվեստի ազգային թանգարանին։

Շուշին մեծությամբ Լեռնային Ղարաբաղի երկրորդ քաղաքն է։ Այն գտնվում է Ստեփանակերտից 10 կմ. հեռավորության վրա։ Շուշիի մասին առաջին հիշատակումը վերաբերվում է 18-րդ դարին, երբ հիմնադրվել է ամրոցը։

Շուշիում տեղակայված են ճարտարապետական հուշարձաններ, որոնք պատկանում են տարբեր մշակույթների, այստեղ ծնվել և մեծացել են ազգային և հասարակական մի շարք գործիչներ։--0--