Անգելինա Պապիկյանը Հայաստանից ապշեցրել է «Ты супер» մրցույթի ժյուրիին՝ անցնելով երկրորդ փուլ

12.02.2017, 14:36
«Ты супер» նոր մրցույթի պատանի մասնակից, 15-ամյա Անգելինա Պապիկյանը Հայաստանից փայլուն ելույթ է ունեցել առաջին փուլում:
Անգելինա Պապիկյանը Հայաստանից ապշեցրել է «Ты супер» մրցույթի ժյուրիին՝ անցնելով երկրորդ փուլ
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Ты супер» նոր մրցույթի պատանի մասնակից, 15-ամյա Անգելինա Պապիկյանը Հայաստանից փայլուն ելույթ է ունեցել առաջին փուլում և անցել երկրորդ փուլ:

НТВ հեռուստաալիքով նախօրեին հեռարձակվել է «Ты супер» նախագծի՝ տարբեր պատճառներով ծնողազուրկ կամ մանկատներում հայտնված երեխաների համար նախատեսված միջազգային երաժշտական նոր մրցույթի առաջին թողարկումը:

Առաջին փուլում բեմ են դուրս եկել Հայաստանի, Ղազախստանի, Մոլդովայի և Ռուսաստանի տարբեր մարզերի մասնակիցներ: Նրանց ելույթները գնահատել են ժյուրիի անդամները՝ օպերային և էստրադային երգչուհի Մարգարիտա Սուխանկինան, կոմպոզիտոր Վիկտոր Դրոբիշը, երգչուհի Յոլկան և երգիչ Ստաս Պիեխան:

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատան սան Անգելինա Պապիկյանը կատարել է «Դլե յաման» երգը և արժանացել ժյուրիի միաձայն հավանությանը:

Հայաստանի մասնակցի խոսքը թարգմանել է շոումեն Գարիկ Մարտիրոսյանը, քանի որ աղջիկը վատ է տիրապետում ռուսերենին, և օգնել է ժյուրիի անդամների հետ շփման հարցում: -0-