Կուստուրիցա. հայերն աշխարհում ճանաչված են որպես ցեղասպանություն վերապրած ազգ

25.12.2015, 16:09
Աշխարհահռչակ սերբ ռեժիսոր, հեղինակավոր կինոմրցանակների դափնեկիր Էմիր Կուստուրիցան հայտարարել է, որ հայերն աշխարհում ճանաչված են որպես ցեղասպանություն վերապրած ազգ։
Կուստուրիցա. հայերն աշխարհում ճանաչված են որպես ցեղասպանություն վերապրած ազգ

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ սերբ ռեժիսոր, հեղինակավոր կինոմրցանակների դափնեկիր Էմիր Կուստուրիցան հայտարարել է, որ հայերն աշխարհում ճանաչված են որպես ցեղասպանություն վերապրած ազգ։

«Շատ հաճելի է այցելել Հայաստան, որի հետ Սերբիան շատ ընդհանուր եզրեր ունի։ Սակայն կա նաև մեծ տարբերություն, որը կայանում է նրանում, որ հայերն աշխարհում ճանաչված են որպես ցեղասպանություն վերապրած ազգ։ Հայաստանը կարողացավ ստեղծել պետականություն», – ուրբաթ Երևանում ասուլիսի ժամանակ ասաց Կուստուրիցան։

Կինոյում աշխատանքից բացի, Կուստուրիցան հայտնի է որպես The No Smoking Orchestra ֆոլք–ռոք խմբի մասնակից, որի հետ ուրբաթ Երևանում համերգ կունենա։ Համերգը կանցկացվի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։

Էմիր Կուստուրիցան համերգով հանդես կգա Երևանում>>

Նշելով, որ նա հպարտանում է Հայաստանի անցած ուղով` Կուստուրիցան պարզաբանեց, որ Սերբիայի պատմության մեջ ամեն ինչ այլ կերպ էր, չնայած սերբ ժողովուրդը, հայերի պես, ցեասպանություն է վերապրել, սակայն նա այդպես էլ չհամախմբվեց, հանդես չեկավ միասնական ճակատով։ «Ավելին, սերբերին ցանկանում են ներկայացնել ոչ թե որպես զոհ, այլ` որպես հանցագործ», – ավելացրեց նա։

Ռեժիսորը նաև նշեց, որ իրեն շատ հաճելի է գտնվել Հայաստանում, որտեղ նրա ապրած` արդարության զգացումը բավարարվում է։

«Դատեք ինքներդ, Երկրորդ աշխարհամարտի ընթացքում 800 հազար սերբեր սպանվեցին խորվաթների կողմից, սակայն Եվրոպան մինչև հիմա պաշտոնապես չի ճանաչել այդ փաստը», – ասաց Կուստուրիցան։

Այս կապակցությամբ Կուստուրիցան հիշեց 3–4 տարի առաջ Թուրքիա կատարած այցը։

«Թուրքիայում ինձ միանշանակ ակնարկեցին, որ իմ ներկայությունն այդ երկրում ցանկալի չէ ` հաշվի առնելով այն դիրքորոշումը, որը ես զբաղեցնում եմ Սերբիայի և խորվաթների հարցում։ Իսկ ես հայտարարեցի, որ ինձ ամենաքիչն է հետաքրքրում մի երկրի դիրքորոշումը, որը ցեղասպանություն է իրականացրել ավելի քան մեկ միլիոն հայերի նկատմամբ», – ընդգծեց Կուստուրիցան։

Նա հիշեց Թուրքիայում տեղի ունեցած անհեթեթ մի միջադեպի մասին, երբ Թուրքիայից հեռանալուց մի քանի օր հետո այնտեղ ծեծի էր ենթարկվել շվեյցարացի մի ռեժիսոր, ով արտաքնապես շատ նման էր իրեն։

«Այնպես որ, եթե դուք կինո եք նկարահանում, փորձեք չնմանվել Կուստուրիցային», – կատակեց ռեժիսորը։

Մամուլի ասուլիսի ավարտից հետո լեգենդար ռեժիսորն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան–ինստիտուտ։–0–