Մշակութային Կորոնադադար, «Չտեսնված հայկական կինո». Հայաստանում կազմակերպվում են մշակութային առցանց էքսկուրսիաներ

23.03.2020, 14:10
Մշակութային Կորոնադադար, «Չտեսնված հայկական կինո». Հայաստանում կազմակերպվում են մշակութային առցանց էքսկուրսիաներ
Մշակութային Կորոնադադար, «Չտեսնված հայկական կինո». Հայաստանում կազմակերպվում են մշակութային առցանց էքսկուրսիաներ

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում արտակարգ դրության ժամանակահատվածում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է քաղաքացիների մշակութային կյանքն ու ժամանցն ապահովել հեռահար` առցանց հարթակների միջոցով։

Թանգարանները, գրադարանները, համերգասրահներն ու թատրոններն իրենց կայքերի կամ Facebook–ի միջոցով փորձում են կազմակերպել հայաստանցիների ինտելեկտուալ ժամանցը, ովքեր ստիպված են օրեր շարունակ մնալ տանը։

#ՄտաՏանը և այցելիր թանգարան

Ինչպես նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, մշակութային հաստատություններն առաջարկում են իրենց ծրագրերը, իսկ ոմանք անգամ սկսում են ինքնուրույն յուրացնել առցանց հարթակները։

Նման նախագծերից է «Տնից թանգարան և գրադարան» վիրտուալ ծրագիրը, որի ժամանակ սոցցանցերում կազմակերպվում և իրականացվում են մի շարք կրթամշակութային ծրագրեր` ընթերցանություն, գրական–գեղարվեստական, երաժշտական և անիմացիոն ծրագրեր, խաղեր, մանկապատանեկան մրցույթներ, ճանաչողական տեսանյութեր, պրեմիերաներ, ցուցահանդեսներ և այլն։

Փոխնախարար Նարինե Խաչատրյանի խոսքով, ծրագրերը կարելի է գտնել հատուկ հեշթեգերի միջոցով` #ՄնաՏանը, #ՏնիցԹանգարան, #ՄիջթանգարանայինՀամագործակցություն։

«Կան ծրագրեր, որոնք դերևս թեստավորված չեն, սակայն պարտադիր կփորձարկվեն, օրինակ` սփյուռքահայերի, Հայաստանում և այլ երկրներում մեկուսացման մեջ գտնվող մարդկանց համար։ Մենք կմտածենք և վիրտուալ միջավայրով ծրագիր կստեղծենք արևմտահայերենով։ Կկազմակերպենք նաև հատուկ ծրագիր, որն առաջին անգամ կփորձարկենք Դիլիջանում գտնվող մեր մեկուսացված քաղաքացիների համար», – ասել է փոխնախարարը։

Մշակութային Կորոնադադար

Թատերական և համերգային կազմակերպությունների համագործակցության շնորհիվ մշակվել են մի շարք կրթամշակութային և ուսուցողական նախագծեր։

Դրանց թվում են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Դասարան+Դասական» նախագծի հեռահար իրականացման հնարավորությունը, որի շրջանակում կկազմակերպվեն դասախոսություններ թատրոնի պատմության մասին, կքննարկվեն բեմադրություններ, կկազմակերպվեն զրույցներ վաստակավոր արտիստների հետ։ 

«Նոր առանձին ծրագրով հանդես կգա «Դաս Ա» նախագիծը, որը մշակում է բջջային հավելվածներում առցանց պարապմունքների կազմակերպման նախագիծ, իսկ «Digital Arm Symphony» հավելվածում կտեղադրվեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթները», – ասել է նա։

Խզմալյանը նաև հայտարարել է, որ շուտով կգործարկվի «Մշակութային կորոնադադար» ծրագիրը, որի շրջանակում նկարահանող խումբը, նախարարի ուղեկցությամբ, կլինի մշակութային օբյեկտների այն տարածքներում, որոնք անհայտ են հասարակությանը, օրինակ` թատրոններում, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, Մատենադարանում, Ազգային արխիվում։ Այցի շրջանակում երեխաներն ու մեծահասակները հնարավորություն կունենան ծանոթանալ այդ հաստատությունների անհայտ անկյուններին։

«Չտեսնված» հայկական կինո

Խզմալյանը նշել է, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակում է «Չտեսնված կինո» նոր ծրագիրը, որի շրջանակում ցուցադրվում են հետխորհրդային շրջանի արտադրության հայկական ֆիլմեր։ Կինոկենտրոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հետ համատեղ ստեղծվում է ծրագիր, որի շրջանակում կցուցադրվեն ավելի քան 80 հայկական անիմացիոն ֆիլմեր երեխաների համար։

«Մենք ունենք տասնյակ ֆիլմեր, ռեժիսորներ, որոնց աշխատանքն, ըստ էության, ծանոթ չէ հանրության լայն շերտերին», – ասել է նա։

Արտակարգ դրության ռեժիմ

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը գործում է արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Այդ պատճառով երկրում չեն գործում մանկապարտեզները, դպրոցները, ուսումնական բոլոր հաստատությունները, բուհերը, ինչպես նաև փակ են բոլոր մշակութային հաստատությունները։ Բացի այդ, պետական կազմակերպություններն ու բազմաթիվ մասնավոր ընկերություններ հնարավորինս կազմակերպում են իրենց աշխատանքը հեռահար։–0–