Հայտնի են «Օսկարի» հաղթողների անունները

26.04.2021, 11:37
Հայտնի են աշխարհի ամենահեղինակավոր մրցանակի` «Օսկարի» հաղթողները
Հայտնի են «Օսկարի» հաղթողների անունները
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Օսկարի» մրցանակաբաշխությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջին անգամ անցկացվեց թարմացված ձևաչափով` մի քանի հարթակներում։

«Քոչվորների երկիրը» ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաև դարձել է առաջատարը ստացված մրցանակների թվով, գրում է ՏԱՍՍ–ը։

Ֆիլմում հանդես եկած Ֆրենսիս Մակդորմանդը հաղթել է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, ռեժիսոր Քլոե Չժաոն ոսկե արձանիկ է ստացել լավագույն ռեժիսուրայի համար։

Էնթոնի Հոփքինսն արժանացել է «Օսկարի» «Լավագույն դերասան» անվանակարգում Ֆլորիան Զելերի «Հայրը» (The Father) ֆիլմում հանդես գալու համար։ Ֆիլմն արժանացել է ոսկե արձանիկի լավագույն ադապտացված սցենարի համար։

Լավագույն օրիգինալ սցենարի համար մրցանակ է ստացել բրիտանացի դերասանուհի և ռեժիսոր Էմիրալդ Ֆենելը, որը գրել է «Խոստումնալից աղջիկը» (Promising Young Woman) ֆիլմի սցենարը։

Դևիդ Լինչի «Մանկ» ֆիլմն արժանացել է «Օսկարի» լավագույն օպերատորական աշխատանքի և բեմադրող նկարչի աշխատանքի համար։

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում մրցանակի է արժանացել Դանիել Քալույան, ով հանդես է եկել «Հուդան և սև մեսիան» ֆիլմում։ Նույն ֆիլմի Fight for you ստեղծագործությունը ճանաչվել է լավագույն օրիգինալ կոմպոզիցիա։

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» է արժանացել հարավկորեացի դերասանուհի Յուն Յո–ջոն «Մինարի» (Minari) ֆիլմում հանդես գալու համար։

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Փիթեր Դոքթերի և Քեմպ Փաեուրսի «Հոգի» մուլտֆիլմը։

Լավագույն արտասամանյան գեղարվեստական ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Թոմաս Վինթերբերգի «Եվս մեկը» (Druk) ժապավենը։

Ջորջ Վոլֆի «Մա Ռեյնի. բլյուզի մայրը» (Ma Rainey's Black Bottom) ֆիլմն արժանացել է «Օսկարի» լավագույն գրիմի և սանրվածքների, ինչպես նաև լավագույն կոստյումների համար։ Լավագույն վիզուալ էֆեկտների համար ոսկե արձանիկի է արժանացել Քրիստոֆեր Նոլանի «Փաստարկ» ժապավենը։

«Two Distant Strangers» ֆիլմը հաղթել է «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում։

«Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել «Իմ ուսուցիչը ութոտնուկ է» ժապավենը։–0–