Ամենաողբերգական կատակերգուն. Ֆրունզիկ Մկրտչյանն այսօր կդառնար 92 տարեկան (ՖՈՏՈ)

04.07.2022, 15:41
Ամենաողբերգական կատակերգուն. Ֆրունզիկ Մկրտչյանն այսօր կդառնար 92 տարեկան. ՖՈՏՈ
Ամենաողբերգական կատակերգուն. Ֆրունզիկ Մկրտչյանն այսօր կդառնար 92 տարեկան (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական կինեմատոգրաֆի ամենահմայիչ և գրավիչ դերասանը, հայ ժողովրդի հպարտությունը` Ֆրունզիկ Մկրտչյանն այսօր կդառնար 92 տարեկան։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է հակիրճ ներկայացնել, թե ով է եղել և մնում Ֆրունզիկն համայն հայության համար։

Երկու անուն, երկու ճակատագիր

 - рис.1

Հայկական ԽՍՀ–ի և ԽՍՀՄ–ի ժողովրդակա արտիստ Ֆրունզիկ Մկրտչյանը ծնվել է 1930 թ.–ի հուլիսի 4–ին Գյումրիում (Լենինական)։ Ծնողները որդուն անվանակոչել են խորհրդային զորապնետ Միխայիլ Ֆրունզեի պատվին։ Սակայն դերասանին նաև կոչել են Մհեր ։ Ասում են, թե նա որոշ ժամանակ անգամ ունեցել է երկու անձնագիր , որոնք հետո կորցրել է, այո–այո` կորցրել և ապրել, ըստ խոսակցությունների, առանց անձնագրի։ 

Հնարավոր է` երկու անունն էլ հենց որոշիչ դեր են խաղացել դերասանի անձի և ամպլուայի երկվության հարցում։ Դերասանին լավ ճանաչող մարդիկ պնդում էին, որ նա մեծ լավատես էր, շրջապատի սիրտն ու ոգին, կանանց սրտակերը, միաժամանակ` անսահման տխուր և հոգնած, անձնական խորը ողբերգություն վերապրած մի անձնավորություն։ Դերասանի երկրորդ կինը` Դոնարան, ով Ֆրունզիկի երեխաների մայրն է, տառապում էր ծանր հոգեկան հիվանդությամբ, որը փոխանցվում է ժառանգաբար։ Ֆրունզիկի դուստրը` Նունեն, զոհվել է Արգենտինայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, սակայն որոշ աղբյուրների հավաստմամբ` Նունեն մահացել է հետվիրահատական շրջանում թրոմբերի խցանումից։ Ֆրունզիկի որդին` Վազգենը (Վահագ), տառապում էր հոգեկան հիվանդությամբ, որը փոխանցվել էր մորից` Դոնարայից։

Նույնը կարելի է ասել Ֆրունզիկի ֆիլմերի մասին, որոնց մեծ մասը ներառվել է հայկական կինեմատոգրաֆի ոսկե ֆոնդում։ Անգամ ամենակատակերգական իրավիճակում դերասանի աչքերի խորքում կարելի է նկատել տխրություն, իսկ ամենաողբերգական դրվագում նա հանդիսատեսին պարգևում էր վարակիչ ժպիտ` անգամ արցունքների միջով։

Դերասան ամեն գնով

Հարազատները հիշում են, որ Ֆրունզիկը մանկուց երազում էր դառնալ դերասան` հաճախ կազմակերպելով իմպրովիզներ ընկերների և ծանոթների համար։ Անգամ հոր հետ տեղ գտած դիմակայությունը չէր կարող ոչինչ փոխել։ 

Տասնհինգ տարեկանում Մկրտչյանն արդեն սկսեց հանդես գալ որպես դերասան, այցելում էր խմբակներ, այնուհետև հանդես գալիս Մռավյանի անվան թատրոնում։ Ֆրունզիկի համար մեծ երջանկություն էր ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Նա գրեթե միանգամից սկսում է խաղալ Հայաստանի առաջատար թատրոններից մեկի` Սունդուկյանի անվան թատրոնի բեմում։

Մկրտչյանը հիանալի մարմնավորել է թատրոնի գրեթե բոլոր դասական կերպարներին` Գվիդոն թագավորից մինչև Սիրանո դե Բերժերակ։ Ինչ վերաբերում է կինոյին, ապա Ֆրունզիկն աշխատել է կատակերգական ժանրի` համամիութենական մասշտաբի վարպետների հետ` Գեորգի Դանելիա, Լեոնիդ Գայդայ և այլոք։ «Մեր մանկության տանգոն», «Միայնակներին տրվում է հանրակացարան», «Կտոր մը երկինք», «Խոշոր շահում», «Տղամարդիկ», «Միմինո», «Խաթաբալա», «Եռանկյունի», «Կովկասի գերուհին»....Նրա մասնակցությամբ ֆիլմերը կարելի է անդադար թվարկել, և դրանցից յուրաքանչյուրը դարձել է մի մեծ իրադարձություն` մեկընդմիշտ մնալով հանդիսատեսի հիշողության մեջ...

Մեծ դերասանը հեռացավ` թողնելով անմար հիշատակ

Մեծանուն դերասանը կյանքից հեռացավ 1993 թ.–ի դեկտեմբերի 29–ին։ Նրա հիշատակը վառ է յուրաքանչյուր հայի սրտում։ Ֆիլմերում հնչող նրա արտահայտությունները («Такую личную неприязнь я испытываю к потерпевшему, что кушать не могу", "Валико-джан, я тебе один умный вещь скажу, но только ты не обижайся!", "А ты не путай свою личную шерсть с государственной») դարձել են թևավոր։

 - рис.2

Ֆրունզիկի մասին շատ ջերմ է արտահայտվել նրա գործընկեր, հայտնի դերասան Խորեն Աբրահամյանը։

«...Դերասան սկզբից մինչև վերջ։ Մենք`նրա գործընկերները, կանգնում էինք կուլիսներում, նայում և սպասում, թե այսօր ինչ նոր բան կմոգոնի նա բեմում։ Գիտեինք, որ անպայման կդիմի իմպրովիզի, և դա հանճարեղ իմպրովիզ էր։ Զարմանալ կարելի էր, թե որքան հնարամիտ էր Ֆրունզիկը», – հիշում է Աբրահամյանը

Նրա խոսքով` Մկրտչյանը կարող էր ծիծաղեցնել ողջ դահլիճին։ Բոլորը հիշում են նրա ներկայացումները, որոնք սկսվում էին հոմերական ծիծաղով, և այն շարունակվում էր ողջ երեկոյի ընթացքում։

«Ընդհանրապես Ֆրունզիկը զարմանալի մարդ էր, օրը սկսում էր երգով և երջանիկ էր։ Մյուս կողմից, նրա մեջ միշտ ապրում էր ինչ–որ ողբերգության զգացում...», – հիշում է Աբրահամյանը։

Նա կարծում է, որ յուրաքանչյուր մարդ այս աշխարհ է գալիս մի գրկաչափ ցախով, և նրա խնդիրն է վառել այն մինչև վերջ, որպեսզի այն չնեխի։

«Ֆրունզիկը, ցավոք, չկարողացավ այդ ամենը վառել, իսկ այնտեղ չափազանց շատ կրակ կար։ Մենք կորցրեցինք Ֆրունզիկի ջերմությունը», – նշել է Աբրահամյանը։

Հնարավոր է` տաղանդավոր դերասանը սխալվում է. չէ՞ որ այդ ցախի փայլն ու տաքությունը մինչև հիմա ջերմացնում են մեր սրտերը...–0–