Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ

19.07.2017, 12:59
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին, ում «Դրախտ» ֆիլմը Ռուսաստանից «Օսկարի» էր առաջադրվել, ՏԱՍՍ–ին տված հարցազրուցում «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։

Անդրեյ Կոնչալովսկին ավելի վաղ ներառվել էր Ռուսաստանի օսկարյան կոմիտեի կազմում, որը ֆիլմեր է առաջադրում «Օսկարի», սակայն մի քանի տարի առաջ դուրս է եկել կոմիտեից։ Պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանն այս տարի ի՞նչ ֆիլմ կարող է առաջադրել «Օսկարի»` ռեժիսորը նշել է, որ չարժե առաջադրել որևէ ֆիլմ։

«Ոչ մեկին չարժե ուղարկել», – ասել է Կոնչալովսկին։

«Պետք է պատժամիջոցներ ներդնել, թող ապրեն առանց մեզ», – ավելացրել է ռեժիսորը։

««Օսկարն» ինձ համար գոյություն չունի։ Եթե ապրեի Ամերիկայում, հնարավոր է` ցանկանայի «Օսկար» ստանալ, սակայն ինչու՞ է ինձ «Օսկար» հարկավոր Ռուսաստանում։ Կարծում եմ, որ հիմա «Օսկարը» նման է McDonald's–ին, այն անդրազգային կորպորացիա է։ Եվ որակն էլ շատ կասկածելի է», – ասել է Կոնչալովսկին։

Կոնչալովսկին չի կարծում, թե ֆիլմերը, որոնք վերջին տարիներին արժանանում են «Օսկարի», կարելի է գլուխգործոց անվանել։

««Օսկարի» արժանացած շատ ֆիլմեր ոչ թե արվեստ են, այլ պրոդուկտ», – ասել է ռեժիսորը, – «հատկապես վերջին 20 տարում։ Իսկ կա արվեստ, որի հետ Հոլիվուդը որևէ կապ չունի»։ –0–