ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի արձանի հեղինակ, քանդակագործ Գագիկ Ստեփանյանը ուրբաթ լրագրողներին ասաց, որ քանդակի վրա աշխատելիս, փորձել է կերտել հայ ազգի փրկչի հավաքական կերպարը:
«Ես փորձել եմ կերտել առասպելական ասպետի, հանճարեղ հրամանատարի, պետական և քաղաքական գործչի, փիլիսոփայի, ազգային գաղափարախոսի կերպարը: Նման գործիչները ծնվում են հազար տարին մեկ: Կոմպոզիցիայի գաղափարը ծնվել է նրա արտահայտությունների հիման վրա` հերոսի, Աստծու և Հայրենիքի միասնությունը», - ասաց Ստեփանյանը:
«Քանդակի վրա սկսել եմ աշխատել 2011 թ.-ին: Ստեղծվել են բազմաթիվ էսքիզներ և նախագծեր` արտահայտման ճիշտ ձևը գտնելու համար: Քանդակի կերտման ժամանակ աշխատել եմ առկա բոլոր լուսանկարների հետ: Առավել բնութագրիչ եմ համարում բանտարկության տարիներին արված լուսանկարը», - ասաց Ստեփանյանը:
Նախարարը պարզաբանել է, թե ինչու է Գարեգին Նժդեհի արձանն այդքան նման Պետրոս Առաջինին>>
Մեկնաբանելով արձանի վերաբերյալ բացասական արձագանքները` քանդակագործը նշեց, որ ոչ պրոֆեսիոնալները չպետք է ստիպեն ճարտարապետին կերտել շաբլոնային կերպար և նմանություններ փնտրեն պատմական այլ կերպարների հետ:
Գարեգին Նժդեհի նոր արձանը ոչ միանշանակ արձագանք առաջացրեց հայ հասարակության, մասնավորապես` լրագրողների շրջանում: Արձանի հեղինակների կողմից ներկայացրած կերպարը շատերի համար անակնկալ դարձավ և դժգոհություն առաջացրեց:
«Երբ քանդակը նոր էր տեղադրվում, այն շատ դրական ընդունվեց ներկաների կողմից: Զարմանում եմ, թե ինչու են լրագրողները փորձում շեշտադրել բացասականը: Խնդրում եմ չպղծել սրբությունը», - ասաց Ստեփանյանը:
Նախորդ շաբաթ Երևանում տեղի է ունեցել XX դարասկզբի հայկական ազգային–ազատագրական շարժման հայտնի գործիչ Գարեգին Նժդեհի արձանի բացման արարողությունը, որին ժողովուրդը անվանել է Պետրոս Առաջինի «նմանակ», քանի որ այն իր արտաքինով շատ նման է ռուս արքային։ -0-