Հայաստանցի և արցախցի վարպետները կներկայացնեն իրենց բացառիկ աշխատանքները «Մշակութային վերածնունդ» փառատոնի շրջանակում

05.09.2017, 16:37
Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 9–ին Դիլիջանում։
Հայաստանցի և արցախցի վարպետները կներկայացնեն իրենց բացառիկ աշխատանքները «Մշակութային վերածնունդ» փառատոնի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 9–ին Դիլիջանում։

«Մշակութային վերածնունդ» փառատոնն առանձնակի է իր ընդգրկվածությամբ՝ այստեղ ներկայացված են Հայաստանի բոլոր մարզերը, Արցախը և սփյուռքը:

Փառատոնին շրջանակում կցուցադրվեն գորգարվեստի բացառիկ, նույնիսկ թանգարանային նմուշներ, դեկորատիվ – կիրառական արվեստի ստեղծագործություններ՝ կավագործություն, խեցեգործություն, դարբնագործություն, փայտագործություն, ազգային խոհանոց և այլն: Կներկայացվի ՀՀ մարզերի և Արցախի մշակույթը՝ երգ, պար, ազգային նվագարաններ, ինչպես նաև տարածաշրջանի զբոսաշրջային պոտենցիալը։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, փառատոնն անցկացվում է արդեն 5–րդ տարին։

«Փառատոնը հայտնի է ոչ միայն մեր երկրում, այլ նաև միջազգային շուկայում։ Զբոսաշրջիկները հատուկ գալիս են Հայաստան` փառատոնին մասնակցելու նպատակով։ Փառատոնը նպաստում է պետական քաղաքականության մի շարք հարցերի լուծմանը` հյուրընկալ երկրի տնտեսական ներուժի բացահայտմանն ու ներկայացմանը միջազգային շուկայում, զբոսաշրջության զարգացմանը, ավանդույթների վերականգնմանն ու զարգացմանը ներքին և արտաքին շուկաներում», – ընդգծեց Ապրեսյանը։

Նրա խոսքով, փառատոնի անցկացումը նպաստում է նաև հայկական տուրիստական արդյունքի դիվերսիֆիկացմանը։

Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման հիմնադրամի նախագահ Մարիամ Մինասյանն իր հերթին ավելացրեց, որ փառատոնին մասնակցում են տաղանդավոր վարպետներ Հայաստանի տարբեր մարզերից։ 

Նա ընդգծեց, որ փառատոնը կոչված է տարածել հայկական մշակութային արժեքները։ «Փառատոնն, անխոս, զարգացման և ընդլայնման հնարավորություն ունի։ Մեզ ոգեշնչում է մարզերում հատուկ աշխատանքային խմբերի ստեղծման փաստը, ինչը վկայում է այն մասին, որ մարդկանց հետաքրքրում է այս միջոցառումը», – նշեց Մինասյանը։

Նրա խոսքով, փառատոնը հետաքրքիր է նրանով, որ միջոցառմանը մասնակցում են նաև սփյուռքահայեր։ «Հայրենադարձ հայերը ևս կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները, ինչպես նաև ազգային խոհանոցի ճաշատեսակներ», – ասաց Մինասյանը։

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը նշեց, որ ավելի վաղ Դիլիջանը գործում էր որպես տուրիստական քաղաք տարվա ընթացքում շատ կարճ ժամանակահատված, իսկ այժմ այն հանգստի ակտիվ գոտի է շուրջ ութ ամիս շարունակ։

«Դա տեղի է ունենում նաև նմանատիպ փառատոնների անցկացման շնորհիվ», –նշեց Սանթրոսյանն ու հավելեց, որ միջոցառումը կանցկացվի կենտրոնական հրապարակում` Դիլիջանի քաղաքապետարանի շենքի մոտ։ «Փառատոնը կմեկնարկի կեսօրին և կտևի մինչ ուշ երեկո»,  – ասաց Սանթրոսյանը։–0–