Վամպիրային միջավայր. Երևանում կկազմակերպվի Dracula Night միջոցառումը

06.06.2021, 17:45
Վամպիրային միջավայր. Երևանում կկազմակերպվի Dracula Night  միջոցառումը
Վամպիրային միջավայր. Երևանում կկազմակերպվի Dracula Night  միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Իռլանդացի գրող Բրամ Սթոքերի «Դրակուլա» վեպի հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը կնշանավորվի Երևանում անցկացվող Dracula Night խորագրով յուրահատուկ միջոցառմամբ, հաղորդում են կազմակերպիչները։

Գրքի շնորհանդեսի ընթացքում մասնակիցներն ամենատարբեր եղանակներով կընկղմվեն վամպիրային միջավայր:

Երեկոյի ընթացքում կինոգետ, թարգմանիչ, խմբագիր Զավեն Բոյաջյանը անդրադարձ կկատարի ոչ միայն Սթոքերի «Դրակուլա» վեպին, այլև վեպի էկրանավորումներին: Կցուցադրվի Ռոման Պոլանսկու՝ 1967 թվականի արտադրության «Վամպիրների պարահանդեսը» կատակերգական ֆիլմը:

Միջոցառումը կանցկացվի հունիսի 11–ին ժամը 22։00–ին «Դարան» գրախանութում։

Իռլանդացի գրող Բրամ (Աբրահամ) Սթոքերի (1847-1912) «Դրակուլա» վեպին վիճակված էր դառնալու համաշխարհային գրականության ամենահռչակավոր գործերից մեկը: Վամպիրիզմի դիվային մոլեգնությամբ բռնված կոմս Դրակուլայի ահազդու ոդիսականը, որտեղ յուրովի են միահյուսվել սեքսի, արյան ու մահվան մոտիվները, տարատեսակ մեկնությունների և վերլուծությունների տեղիք է տվել, անհամար գրական ստեղծագործություններ, ֆիլմեր ու ներկայացումներ ծնել: Առաջին անգամ 1897-ին Լոնդոնում լույս տեսած այս բացառիկ գիրքը մինչև օրս էլ մնում է «վամպիրային առասպելի» գլխավոր աղբյուրը:–0–