Երևանում նոր աստղեր «վառվեցին» «Ոսկե ծիրանի» մեկնարկի շրջանակում

10.07.2017, 10:15
Հայկական կինոյի երեք հռչակավոր գործիչների աստղերը «վառվեցին» կիրակի Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային 14–րդ կինոփառատոնի բացման շրջանակում։
Երևանում նոր աստղեր «վառվեցին» «Ոսկե ծիրանի» մեկնարկի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայկական կինոյի երեք հռչակավոր գործիչների աստղերը «վառվեցին» կիրակի Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային 14–րդ կինոփառատոնի բացման շրջանակում։

 «Ոսկե ծիրան» կինոփառատոնն անցկացվում է հուլիսի 9–16–ը «Մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկ» նշանաբանի ներքո։

Ռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Սերգեյ Իսրայելյանի և Յուրի Երզնկյանի աստղերն այսուհետ կզարդարեն Ազնավուրի հրապարակի Փառքի ծառուղին` «Մոսկվա» կինոթատրոնի մոտակայքում։ Աստղերի բացման արարողությունն ուղեկցվեց այն ֆիլմերի երաժշտությամբ, որոնցում մասնակցել են արվեստի այս լեգենդար գործիչները։

 - рис.1

«Դովլաթյանը, Իսրայելյանը, Երզնկյանն այն մարդիկ են, ովքեր նշանակալի դարձրեցին նախորդ դարի 60–80–ականների հայկական կինոն։ Եվ մենք աշխատել, աճել ենք այդ ֆիլմերի ազդեցության ներքո, և ամենակարևորն է` նրանց հետ պրոֆեսիոնալ, անձնական և մարդկային շփման շնորհիվ», – լրագրողներին ասաց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը։

Նա նաև նշեց, որ «Ոսկե ծիրան» փառատոնի շնորհիվ Հայաստանը բացվում է աշխարհի համար։

«Ամեն անգամ, երբ սկսվում է «Ոսկե ծիրանը», ես համոզվում եմ, որ Հայաստանը փոքր երկիր չէ, քանզի փոքր երկիրը չի կարող կազմակերպել նման փառատոն։ Եվ մենք ռիսկի դիմեցինք, և ստացվեց։ Մենք դառնում ենք աշխարհի մասնիկ, և աշխարհը գալիս է մեզ մոտ», – ավելացրեց Մուրադյանը։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից, այն տարածաշրջանի ամենաճանաչված փառատոներից մեկն է: Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և VivaCell-MTS ընկերության աջակցությամբ։ Տարբեր տարիներին Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում են նաև գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։

2010 թ.–ին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:–0–