Լեոնարդո դի Կապրիոն իր աջակցությունն է հայտնել «Խոստումը» ֆիլմի ստեղծողներին

06.04.2017, 15:53
Աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն Facebook-յան էջում իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ստեղծողներին:
Լեոնարդո դի Կապրիոն իր աջակցությունն է հայտնել «Խոստումը» ֆիլմի ստեղծողներին
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն Facebook-յան էջում իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» (The Promise) ֆիլմի ստեղծողներին:

«Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շառլոտա Լը Բոնը հոյակապ են խաղացել The Promise ֆիլմում` ռեժիսոր Թերի Ջորջի ղեկավարության ներքո: Ես ողջունում եմ ողջ թիմին իմ լավ ընկեր, լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդավոյի հետ, ում անսպառ տաղանդը, նվիրվածությունը և պատասխանատվության զգացումը կյանքի կոչեցին այս կարևոր նախագիծը», - գրել է դի Կապրիոն:

Ավելի վաղ ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել այնպիսի աշխարհահռչակ անձինք, ինչպիսիք են երգչուհիներ և դերասանուհիներ Շերը և Բարբարա Սթրեյզանդը, երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը, դերասան և պրոդյուսեր Սիլվեստեր Ստալոնեն, թենիսիստ և բարերար Անդրե Աղասին:

Загружается новость ... "Лево"

«Խոստումը» դրամայի համաշխարհային պրեմիերան տեղի է կունենա ապրիլի 21-ին, իսկ Հայաստանում` ապրիլի 27-ին:

Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարիներին տեղի ունեցած սիրո պատմություն:

Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը:

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը:

Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ, ով հեռացել է կյանքից 2015 թ.–ին։

Ֆիլմի գլխավոր հերոսներն են ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեքը), ֆոտոլրագրող Քրիս Մայերը (Քրիստիան Բեյլ), ով ժամանել է Օսմանյան կայսրություն՝ լուսաբանելու աշխարհաքաղաքական իրադարձությունները և Փարիզում սովորող հայ նկարչուհի Աննան (Շառլոտա Լը Բոն): Բովանդակությունը կառուցված է նրանց սիրային եռանկյան շուրջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: -0-