Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել «Մանկական Եվրատեսիլ 2015» մրցույթում

22.11.2015, 01:20
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Միկան (Միքայել Վարոսյան) 176 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը։
Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել «Մանկական Եվրատեսիլ 2015» մրցույթում
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Միկան (Միքայել Վարոսյան) 176 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը։

«Մանկական Եվրատեսիլ 2015» մրցույթն անցկացվել է նոյեմբերի 18–21–ում Սոֆիայում` «Discover» («Բացահայտիր») նշանաբանի ներքո։

Առաջին տեղը զբաղեցրել է Մալթայի ներկայացուցիչը, երրորդը` Սլովենիայի ներկայացուցիչը։

Հայաստանին առավելագույն միավոր են տվել (12) Վրաստանը, Նիդեռլանդները, Ռուսաստանն ու Բելառուսը։

Միկայի ելույթն իր մոր ծննդյան օրը բավականին գլամուրային էր։ Նա ներկայացավ հայ հայտնի դիզայներ Արամ Նիկոլյանի հեղինակած կոստյումով։ Կատարումն ուղեկցվում էր ոչ միայն պարերով և բեքվոկալով, այլ նաև հրավառությամբ։

Հայ ունկնդիրների արձագանքն ու մեկնաբանությունները չուշացան։ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Միկայի ելույթից անմիջապես հետո Facebook–յան իր էջում գրել է. «Բռավո, Միկ ջան: Շաաատ ապրես: Անկախ ելքից, քանի ես նախարար եմ, դու դպրոցում խնդիր չունես»։

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ.–ից։ Առաջին անգամ մրցույթին Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» մանկական խումբը «Երազանք» երգով` զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2008թ.–ին Մոնիկա Մանուչարյանը ներկայացել է «Իմ երգի հնչյունները» երգով և զբաղեցրել ութերորդ տեղը։ 2009թ.–ին Լաուրա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով նվաճեց երկրորդ տեղը`այդ տեղը կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ։

Մեկ տարի անց «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին Մինսկում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող ԼՂՀ 12–ամյա քաղաքացի Վլադիմիր Արզումանյանը, իսկ 2011թ.–ին մրցույթն անցկացվեց Երևանում, որտեղ Հայաստանը ներկայացրեց պատանի երգչուհի Դալիթան։ Compass Band հայկական խումբը, որը 2012թ.–ին Ամստերդամում ներկայացրեց Հայաստանը, զբաղեցրեց երրորդ տեղը։

2013 թվականին Հայաստանի ներկայացուցիչ Մոնիկա Ավանեսյանը Կիևում անցկացված մրցույթում զբաղեցրեց 6–րդ տեղը։ Իսկ 11–ամյա Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) 2014 թ.–ին Մալթայում կազմակերպված մրցույթի ժամանակ «People of the sun» երգով զբաղեցրեց երրորդ տեղը։–0–