Առաջին պետական թատրոնն առաջին հայկական հանրապետության տարիներին
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. 2018 թվականի մայիսի 28–ին Հայաստանը կնշի Առաջին հանրապետության հռչակման հարյուրամյակը։ Հայաստանի առաջին հանրապետությունը գոյություն ունեցավ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2–ը։
Առաջին Հանրապետությունը հայտնվեց պատմական հայկական հողերի վրա ազգային պետականության գրեթե երկու հազար տարվա բացակայությունից հետո։ Հետհեղափոխական ծանր տարիներին Օսմանյան կայսրությունում Ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդին հաջողվեց ստեղծել անկախ հայկական պետություն, որի մայրաքաղաքը Երևանն էր։
1918 թվականի մայիսին հայ ժողովուրդը թուրք զավթիչների նկատմամբ հերոսական հաղթանակներ տարավ Սարդարապատի, Բաշ–Ապարանի և Ղարաքիլիսայի մարտերում։ Հենց այս հաղթանակներն էլ թույլ տվեցին հայ ժողովրդին ստեղծել իրենց պետությունը։
1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը մեր երկրի համար կարևորվեց ոչ միայն քաղաքական տնտեսական ու ազգային հաղթանակով, այն նաև իր ներդրումն ունեցավ ազգային մշակույթի, կրթության և գիտության զարգացման, դրանց հետագա կարգավիճակի կայացման գործում:
Հայաստանի անկախության հռչակումը պատմական անհրաժեշտություն էր հայ ժողովրդի համար, որի համար նա ստիպված եղավ արյամբ հատուցել. հայոց բազմադարյա պատմության էջերում գրվեցին բախտորոշ հերոսամարտերի՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի պատմությունները: Այս կռիվներում համախմբված հայությանը հաջողվեց թշնամուն հակահարված տալ և վերջնականապես ձախողել երիտթուրքերի արյունոտ ծրագիրը:
Հարյուրամյակների անպետական ու անառագաստ նավարկությունից հետո հայոց նավը կրկին լեռան վրա էր:
Քաղաքական զարգացումները և դրանց հանգուցալուծումն այժմ այլևս պատմական իրողություն է. մենք քննության կառնենք անկախ հանրապետության մշակութային և հատկապես թատերական ոլորտում կատարված տեղաշարժերը: Ին՞չ շահեց հայ թատերական մշկույթը անկախացումից, որոնք եղան պետական թատրոնի հիմնադրման նախադրյալները, որոնք հայ թատրոնի նորագույն պատմության հիմնաքարերը դարձան: Ա
1918 թվականի մայիսի 28-ին անկախ Հայաստանի նորաստեղծ հանրապետությունը դեռևս չուներ մշակույթի հարցերով զբաղվող որևէ կառույց, հետևաբար հասունացել էր այն պահը, երբ հարկ էր զբաղվել այդ խնդրով. 1919 թվականին հայ մշակութային գործիչների` ՀՀ նախարարապետին ուղղված հանրագրում, որտեղ ստորագրեցին Հովհ. Թումանյանը, Շիրվանզադեն, Դ.Դեմիրճյանը, Ս.Մալխասյանը, Մ.Աբելյանը, Ն.Աղբալյանը. Օ. Սևումյանը, Եղ.Թադևոսյանը, Լեոն, Վրթ. Փափազյանը, առաջարկվում էր ստեղծել մշակույթի հարցերով զբաղվող կառույց և հստակեցնել նրա գործառույթները:
Հայաստանի կառավարությունը, հաշվի առնելով մշակույթի գործիչների վերը նշված խնդրագիրը, պետական հովանավորությամբ իրականացման քայլեր է ձեռնարկում: Կազմվում է հատուկ ծրագիր, որտեղ ընդգրկվում են նաև մշակույթի գործիչները:
Այս նամակին ի նպաստ` 1919 թվականին Հանրային կրթության մինիստր Ն.Աղբալյանը դիմում է Մինիստրների խորհրդին` առաջարկելով, այսուհետ, Հանրային կրթության մինիստրությունն անվանել Հանրային կրթության և գեղարվեստի մինիստրություն:
1919 թվականի հուլիսի 1-ին կազմավորվում է Հանրային կրթության և արվեստի մինիստրությունը: Այն իր գործունեության ծրագրերում ընդգրկում է միջնակարգ և տարրական դպրոցների բարելավման հարցը, արվեստի և հնագիտական կառույցների ստեղծման և պահպանման հարցը, հատուկ ուշադրության էր արժանացել թատերական արվեստը: Հանրային կրթության և գեղարվեստի մինիստրության Արվեստի վարչությունը թատերական ոլորտի բարելավման մասով կազմում է ծրագիր, որով Երևանի, Նոր Բայազետի, Ալեքսանդրապոլի, Աշտարակի քաղաքային վարչություններին, Էջմիածնի, Փամբակի, Իջևանի գավառական կոմիսարներին Դիլիջանի, Ղարաքիլիսայի, Վաղարշապատի համայնական ժողովներին առաջարկում է թատերական շենքեր կառուցելու համար անվճար հողեր հատկացնել:
1919 թվականի հունիսին Հայոց դրամատիկական ընկերության խորհրդի նախագահ Բ.Ն. Արղության Երկայնաբազուկը դիմում է Մինիստրություն Թիֆլիսում և Երևանում 1919-1920 թթ. թատերաշրջանի կազմակերպման հարցով և խնդրում է կառավարությանը ընդունել որոշում դրամատիկական թատրոն պահելու վերաբերյալ: 1920 թ.-ի սկզբին Մինիստրությանը հաջողվում է Գրական ընկերության փոխնախագահ Վ. Ահարոնյանի օգնությամբ կազմակերպել թատերաշրջանի գործը:
Ի՞նչ կարգավիճակում էր հայ թատրոնը մինչև անկախացումը, որտե՞ղ էր կենտրոնացած թատերական մշակույթը
Մինչև Հայաստանի Առաջին հանրապետության կազմավորումը հայ թատերական խոշոր կենտրոններ էին Թիֆլիսը, Բաքուն և Կ.Պոլիսը: Հայաշատ այս քաղաքներում են գրվել հայ թատրոնի փառավոր էջերը, որոնք զարդարված են Ադամյանի, Սիրանույշի, Աբելյանի, Չմշկյանի, Զարիֆյանի և ուրիշների անուններով: 20-րդ դարասկզբին հայ թատրոնի պատմության վճռորոշ շրջանում իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում ռեժիսոր, հայ բեմի բարեփոխիչ Օվի Սևումյանի կատարած աշխատանքը: Օվի Սևումյանը, մամուլում հանդես գալով հայ թատրոնի բարեփոխման վերաբերյալ բազմաթիվ հոդվածներով, նորից ու նորից շեշտում է թատերական կրթության հարցը: Կոչ է անում հիմնել ստուդիաներ, թատերական դպրոցներ, որտեղ կրթություն կստանային և´ երիտասարդ, և´ փորձառու դերասանները: Առաջարկում է արամատական փոփոխություններ, որոնց իրագործման տարբեր ուղիների մասին խոսվում է նրա բոլոր հոդվածներում:
1917-1921 թթ. տարբեր հայաշատ վայրերում հիմնադրված թատերական խմբերը, ներքաղաքական նպաստավոր պայմանները, պետական հովանավորությունն ազգային պետական թատրոնի ստեղծման առաջին հիմնաքարերը դարձան:
Պետական թատրոնի կազմավորման ծրագիրը մինիստրությունը նախատեսել էր հետևյալ ճանապարհով. այն է հիմնել թատերական ստուդիաներ, որը «ժողովելու է իր շուրջը արևելահայ և արևմտահայ բեմական երիտասարդ ուժերը», որտեղ թատերական կրթություն ստացած երիտասրադները կկազմավորեին առաջին պետական թատրոնի դերասանակազմը։
Իրարից անկախ, սակայն մեկ նպատակի շուրջ համախմբված, որն է ազգապահպանման, ազգային ինքնագիտակցության ձևավորման գաղափարը, Թիֆլիսում, Պոլսում, Երևանում և Մոսկվայում թատերական գործիչները հիմնեցին ստուդիաներ, որտեղից հետագայում Առաջին պետական թատրոնի դերասանակազմը դուրս եկան հայ թատրոնի «չորրորդ սերունդը»:
Երևանում իր ստուդիան հիմանդրեց դերասան Վարդան Միրզոյանը:
Թիֆլիսում Սուրեն Խաչատրյանի, Ռուբեն Մամուլյանի և Լ.Քալանթարի նախաձեռնությամբ կազմակերպվեց ևս մեկ ստուդիա: Տարբեր հայաշատ վայրերում հիմնված ստուդիաները մշակույթի ինքնապահպանման ճիգեր էին, որոնք տվեցին իրենց արդյունքը: Ստուդիաներում ուսանած երիտասարդ ուժերը հետագայում միավորվեցին Երևանում և ծնվեց հայ թատրոնի գաղափարական, կազմակերպական ու ստեղծագործական ծրագրերի իրագործման նախահիմքը:
Մեծ եղավ հայաշատ վայրերում ստեղծված թատերական ստուդիաների դերը հայրենիքում նոր թատերական մշակույթի կառուցման գործում:
Հյուսիսային Կովկասում Վաղարշ Վաղարշյանի, Աստրախանում հայկական թատերական խմբի ղեկավար ու ռեժիսոր Վավիկ Վարդանյանի, Ղրիմում և Ուկրաինայում Ցոլակ Ամերիկյանի ղեկավարած ստուդիաների ուժերի մեկտեղմամբ ստեղծվեց առաջին պետական թատրոնի կազմը. նրանք 20-րդ դարի 10-ական թվականներից Թիֆլիսի, Պոլսի, Հյուսիսային Կովկասի առաջնակարգ ուժերն էին, ովքեր եկել էին կառուցելու իրենց նոր հայրենիքի նորագույն մշակույթը: Կայացած արտիստներ Վահրամ Փափազյանի, Հասմիկի, Իսահակ Ալիխանյանի,Օլգա Գուլազյանի, Միքայել Մանվելյանի կողքին կանգնած էր թատերական նոր սերունդը՝ Արուս Ոսկանյան, Վաղարշ Վաղարշյան, Լևոն Քալանթար, Մկրտիչ Ջանան, Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Գուրգեն Ջանիբեկյան, Արմեն Գուլակյան, Վարդան Աճեմյան և ուրիշներ:
Դերասանական տարբեր նկարագրի և խառնվածքի արտիստները հավաքվեցին միասնական ուժերով ստեղծելու մի նոր մշակույթ, թատերական նոր մթնոլորտ: Նորաստեղծ թատրոնի շենքը՝ Երևանի Առաջին պետական թատրոնը, կառուցվեց անցյալի ամուր հիմքի վրա: Թատրոնի բացումը կապվում է 1921թ-ին Թիֆլիսում գործող Ստ. Շահումյանի անվան «Որոնումների թատրոնի» երևանյան հյուրախաղերի հետ:
Թատրոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1922 թվականի հունվարի 25-ին:
Հայաստանի առաջին հանրապետությունն իր կարճատև գոյության ընթացքում հայ ժողովրդին վերադարձրեց իր ինքնորոշման իրավունքը, իր ազգային, կրթական ու մշակութային այն մեծ հավատամքը, որ հայն ունի իր ինքնության վերաբերյալ: Թեև թատրոնի կազմավորման հետագա ընթացքը վերաբերում է Հայաստանի Խորհրդային շրջանին, պատմական անդրադարձը մեզ ապացուցեց , որ դրա արմատները ձգվում են շատ հեռու անցյալ, այն կառուցվեց անցյալի անսասան հիմքի վրա ու ստեղծեց հայ նորագույն մշակույթ: -0-
Սուսաննա Բրիկյան, թատերագետ, հատուկ «Նովոստի–Արմենիա» գործակալության համար