Բուքմեյքերները գնահատել են «Եվրատեսիլում» Հայաստանի հաղթանակի շանսերը
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները գնահատել են «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանի հաղթանակի շանսերը։
Williamhill հայտնի բուքմեյքերական գրասենյակը Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի հաղթանակի խաղադրույքներն ընդունում է 29,0 գործակցով, ինչը 12–րդ ցուցանիշն է բոլոր մասնակիցների շրջանում։
Բուքմեյքերների կարծիքով` մրցույթի ֆավորիտը Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևն է, որի հաղթանակի շանսերը գնահատվում են 3,0 գործակցով։ Երկրորդ տեղում, ըստ մասնագետների, Շվեդիան է (4,0), իսկ ուժեղագույնների եռյակը մեծ տարբերությամբ եզրափակում է Խորվաթիան (9,0)։
Հայ բուքմեյքերները ևս այդքան էլ չեն հավատում Մուկուչյանի հաղթանակին, սակայն նրա հաղթանակի շանսերը մի փոքր ավելի բարձր են գնահատում` 25 գործակցով։
«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում:
Ելույթների ճշգրիտ հերթականությունը հայտնի կդառնա մարտին։ Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք): -0-