ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Արմմոնո» փառատոնի կազմակերպիչները հրաժարվեցին անցկացնել տոնական միջոցառումներ ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող բարդ իրավիճակի պատճառով, չորեքշաբթի լրագրողներին ասաց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:
«Հաշվի առելով տեղի ունեցող իրադարձությունները` մենք անտեղի համարեցինք փառատոնի բացման և փակման տոնական արարողությունների կազմակերպումը», - ասաց նա:
Մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնը տեղի է ունեցել Հայաստանում ապրիլի 29-ից մայիսի 3-ը` «Մեկ հեղինակի թատրոն» կարգախոսի ներքո: «Արմմոնո» փառատոնի շրջանակում այս տարի ցուցադրվել է 26 մոնոներկայացում այնպիսի հայտնի գրողների ստեղծագործությունների հիման վրա, ինչպիսիք են Միխայիլ Բուլգակովը, Վիլյամ Սարոյանը և ուրիշներ:
Մխիթարյանն ավելացրեց, որ ապրիլի սկզբին, երբ սրվեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, կազմակերպիչները կասկածում էին` արդյոք փառատոնն այս տարի տեղի կունենա, թե ոչ:
«Այնուամենայնիվ, մեր հյուրերից որևէ մեկը մեզ չմերժեց, բոլորը եկան: Նրանք ընդգծում էին, որ ուզում են այս օրերին լինել մեր կողքին», - նշեց Մխիթարյանը:
Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նարիա Հայրապետյանն, իր հերթին, ավելացրեց, որ չի հասցրել դիտել փառատոնի բոլոր ներկայացումները, այդուհանդերձ, իր տեսածները մեկը մեկից լավն էին:
««Արմմոնո» փառատոնը հիանալի հնարավորություն է տալիս կայացած հայ դերասաններին` մոնո ժանրում իրենց ուժերը փորձելու համար», - ավելացրեց Հայրապետյանը:
Խոսելով դերասան Հայկ Պետրոսյանի «Եթե ես լինեի ՊաՊա» standup ժանրում բեմադրված ներկայացման մասին` Հայրապետյանը նշեց, որ այն բավական հետաքրքիր էր` ընդգծելով, որ այս ժանրը դեռ կգտնի իր հանդիսատեսին Հայաստանում:
«Արմմոնո» ամենամյա միջազգային թատերական փառատոնը տեղի է ունեցել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ:
Ղարաբաղյան հակամարտությունը կտրուկ սրվեց 2016 թ.–ի ապրիլի սկզբին։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-