Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է

19.03.2017, 11:00
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը «Եվրատեսիլ 2017»–ում ներկայացնող երգչուհի Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։

«Եվ ահա կյանքիս գլխավոր օրերից մեկը, ներկայացնում եմ այն աշխատանքը, որին անհամբեր սպասում էինք միասին: Շատ դժվար է նկարագրել, թե ինչ եմ զգում հիմա՝ հուզմունք, անհանգստություն ու մեեեծ ուրախություն», – նշում է Արծվիկն ու ավելացնում, որ իր թռիչքի մեկնարկը տրված է։

Նա շնորհակալություն է հայտնում իրեն միանալու համար:

«Նաև իմ մեծ երախտիքը Հանրային հեռուստաընկերության թիմին՝ ինձ հավատալու և իմ կողքին ամեն վայրկյան լինելու համար՝ Արթուր Մանուկյանին, Մկրտիչ Մալխասյանին, Արամ Նիկոլյանին, Հովհաննես Սարգսյանին, Յանա Բաբաջանյանին, Կրիստինա Աբրահամյանին, Հարություն Ջուլհակյանին, բոլոր-բոլորին, ում անչափելի նվիրումի և աջակցության արդյունքում հասանք այս պատասխանատու փուլին... շա՜տ սիրում եմ ձեզ: Եվ ամենակարևորը, շնորհակալ եմ բոլորիդ ինձ սատարելու համար», – նշել է երգչուհին։

Загружается новость ... "Лево"

Նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ Արծվիկի Fly with me երգի և տեսահոլովակի պրեմիերան։ Արծվիկը այս երգով ներկայացնելու է Հայաստանը մայիսին Կիևում կայանալիք «Եվրատեսիլ 2017»–ում։

Երգի երաժշտության համահեղինակներն են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակները՝ Ավետ Բարսեղյանը և Դավիթ Ծերունյանը:

Երգի մեղեդային գիծը համադրում է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունները, այն ընդհանրությունները, որոնք զարմանալիորեն առկա են: Երգի հիմքում մի աղջկա կյանքի պատմություն է, ով մարմնավորում է սերը: Նա համադրում է կյանքի տարբեր գույները և հավաքում աշխարհի հեքիաթները, այն պատմությունները, որոնք պատմում են մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Ընդգրկելով աշխարհի ողջ բազմազանությունը՝ աղջիկը թռչում է վեր՝ դեպի երկնային բարձունքներ, և դառնում արև, որի սերն ու լույսն ընդհանուր են բոլորի համար՝ միակը բոլորիս համար

Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն:

Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցում է 2006 թ.–ից։ Լավագույն արդյունքը` չորրորդ տեղը, ապահովել են երգչուհի Սիրուշոն 2008 թ.–ին և Արամ MP3–ը 2014 թ.–ին։–0–