Վարչապետը խոստացել է ջանքեր չխնայել նոր Հայաստանի ստեղծման համար

04.04.2017, 16:47
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացել է ուժ և ջանք չխնայել Նոր Հայաստանի ստեղծման համար:
Վարչապետը խոստացել է ջանքեր չխնայել նոր Հայաստանի ստեղծման համար
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացել է ուժ և ջանք չխնայել Նոր Հայաստանի ստեղծման համար, որպեսզի Հայաստանի ամեն քաղաքացի իրեն ավելի լավ զգա, քան նախկինում:

«Առջևում մեզ սպասվում է հետևողական և քրտնաջան աշխատանք: Անկասկած, անելիքները շատ են, սակայն մենք չենք վախենում դժվար ճանապարհից: Կարող են ամպագոռգոռ հնչել խոսքերս, բայց ասում եմ սրտիս խորքից»,– գրել է նա Facebook–ի իր էջում։

Կարապետյանի խոսքով, հանրության բոլոր հատվածների համար անվիճելի է, որ այս ընտրություններն անցկացվեցին ավելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ընտրությանը մասնակցած ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց ակտիվ և պատասխանատու քաղաքացիական դիրքորոշումը դրսևորելու համար:

«Այն քվեն, որ ստացել է մեր թիմը, պարտավորեցնում է: Մենք հստակորեն գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որը ստանձնում ենք և հաստատակամ ենք ժողովրդի կողմից մեզ տրված փոփոխությունների մանդատը կյանքի կոչելո»,– ասել է նա։

Ապրիլի 2–ին հանրապետությունում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում էր հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։

ԿԸՀ նախնական արդյունքների համաձայն, բոլոր 2009 ընտրատեղամասերի տվյալների մշակումից հետո, խորհրդարան է անցնում չորս քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որը հավաքում է քվեների 49.12 տոկոսը, «Ծառուկյան դաշինքը» (27,32%), «Ելք» դաշինքը (7,77%) և ՀՅ Դաշնակցությունը (6,57%)։ -0-