Թաղման նպաստ կստանան միայն անապահովները, նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով․ նախարար
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Թաղման նպաստների գումարը կուղղվի կենսաթոշակների բարձրացմանը. հայտնել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
«Թաղման նպաստը կշարունակվի տրամադրվել մեր այն քաղաքացիներին, որոնք գտնվում են անապահովության համակարգում՝ նախկին «Փարոս»-ում կամ նոր անապահովության համակարգում։ Մնացած բոլոր քաղաքացիների դեպքում փաստացի այդ գումարներն ուղղվելու են կենսաթոշակառուների կենսաթոշակների բարձրացմանը, ինչը, կարծում ենք, շատ ավելի կարևոր է, քան այդ նպաստի տեսակը բոլորին տալը», - ասել է Թորոսյանը լրագրողների հետ զրույցում։
Նախարարը հայտնել է, որ նվազագույն կենսաթոշակները 1000 դրամով բարձրանալու են:
«Մնացածի դեպքում բանաձև կա, որի միջոցով հաշվարկ կարվի», – ասել է Թորոսյանը։
Նրա խոսքով, կբարձրանան նաև զինվորական կենսաթոշակները։
«Քանի որ մեր կենսաթոշակային համակարգը շատ բարդ բանաձևերով է, ես յուրաքանչյուր դեպքի համար չեմ կարող ասել` կոնկրետ մարդու համար ինչքան կբարձրանա։ Բայց կլինի բարձրացում, որի համար մոտավորապես կծախսենք հավելյալ 5,5 մլրդ դրամ», - հայտնել է նախարարն՝ ավելացնելով, որ կենսաթոշակները կբարձրանան հունվարի 1–ից։

