Սյունիքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026, 18:32
Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում
Սյունիքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

«Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրան ցուցաբերվել է համարժեք բուժօգնություն և նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

Ավելի վաղ, ՀՀ ԱԱԾ–ն հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։

«Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին», – նշվում է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ», – նշվում է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։