«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել է կեղծված ժամկետով «Կինդեր» քաղցրավենիք. ՍԱՏՄ

06.11.2026, 16:54
ՍԱՏՄ-ն արգելել է պիտանելիության ժամկետը փոխած  «Կինդեր» քաղցրավենիքի իրացումը
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել է կեղծված ժամկետով «Կինդեր» քաղցրավենիք. ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․  ՍԱՏՄ-ն հայտնաբերել  է «Կինդեր» քաղցրավենիքի  թե՛ կեղծված ժամկետով, թե՛ առանց հայերեն մակնշման խմբաքանակներ, որոնց իրացումը արգելվել է:

Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից,  տեսչական մարմինն այսօր հաղորդում է ստացել այն մասին, որ իրացման ցանցում, հատկապես՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում, իրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող՝ առանց անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի, հայերեն մակնշում չունեցող և պիտանիության ժամկետը փոխած, «Կինդեր» տեսակի քաղցրավենիք։

«Տեսչական մարմնի կողմից լայնածավալ ուսումնասիրություն է իրականացվել Երևանի Սուրամալու և «Փեթակ» առևտրի կենտրոններում, ուշադրություն է դարձվել նշված արտադրատեսակի մակնշմանը, պիտանիության ժամկետներին, պահման պայմաններին, խմբաքանակների նույնականացմանը և իրացման պահանջների պահպանմանը»,-նշված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ։

ՍԱՏՄ-ն հորդորել է տնտեսվարողներին մատակարարներից ապրանքը ստանալիս ուշադրություն դարձնել պիտանիության ժամկետներին և հավաստիանալ, որ դրանք կեղծված չեն, ինչպես նաև՝ պահանջել ուղեկցող փաստաթղթերը, պարտադիր համարել հայերեն մակնշման առկայությունը: