Ե՞րբ հասանելի կլինի կենսաչափական անձնագրերի տրամադրման արագացված ծառայությունը և որքա՞ն կարժենա․ պարզաբանում է Միգրացիայի ծառայության պետը
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում նոր կենսաչափական անձնագրերի տրամադրման արագացված ծառայությունը հասանելի կլինի նոյեմբերի երկրորդ կեսից։
Այս մասին հայտնեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը «Մեգամոլ» առևտրի կենտրոնում գործող «ՀայՓաս» սպասարկման կենտրոնում շրջայցի ընթացքում։
«Արժեքը կարգավորում է պայմանագիրը։ Այն սահմանում է, որ արագացված ծառայության արժեքը պետք է չգերազանցի ստանդարտ վճար գումարած 3 անգամ պետական տուրք», - ասել է Դավթյանը` պատասխանելով «Նովոստի-Արմենիա»-ի հարցին:
Նրա խոսքով՝ արագացված ծառայության դեպքում նոր կենսաչափական անձնագիրը Երևանում հնարավոր կլինի ստանալ 24 ժամվա, իսկ մարզերում՝ 48 ժամվա ընթացքում։
«Խոսքը միայն աշխատանքային օրվա մասին է», - նշել է Դավթյանը:
Նա հավելել է, որ արագացված ծառայության արժեքի վերաբերյալ առավել հստակ տեղեկություն շուտով կհրապարակվի։
2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում գործարկվել է նոր կենսաչափական անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգը։ Կենսաչափական անձնագրի արժեքը 28 650 դրամ է, ID քարտինը՝ 5 950 դրամ, իսկ փաստաթղթերի պատրաստման ժամկետը՝ 14 աշխատանքային օր։ Դիմելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել HayPass.am հարթակում։ Նախկինում տրամադրված վավեր փաստաթղթերը շարունակում են գործել մինչև դրանց ժամկետի ավարտը, և դրանք պարտադիր փոխարինելու անհրաժեշտություն չկա։

