Հին Արտաշատի ավերակները քաղաքացիների և զբոսաշրջիկների համար հասանելի դարձնելու ծրագիր է իրականացվում․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում ծրագիր է իրականացվում՝ Հին Արտաշատ մայրաքաղաքի ավերակները քաղաքացիների և զբոսաշրջիկների համար հասանելի դարձնելու նպատակով, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի ընթացքում նրան հարցրել են՝ արդյոք նախատեսվում է Խոր Վիրապի մոտակայքում հեռացնել սահմանային փշալարերը, որպեսզի քաղաքացիները կարողանան մոտենալ Արաքս գետին։
«Գիտե՞ք, որ այդտեղ գտնվում է մեր պատմական Արտաշատ մայրաքաղաքը, որը Արտաշես արքան է հիմնադրել։ Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ այնտեղ լինելու, և նաև իմ հանձնարարությամբ հիմա այնտեղ ծրագիր է իրականացվում, որպեսզի Արտաշատ հնավայրը՝ ամբողջությամբ մայրաքաղաքի ավերակների տարածքը, հասանելի լինի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար», – ասել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ կճշտի ծրագրի իրականացման ընթացքը՝ հավելելով, որ աշխատանքներն իրականացվում են։
Անդրադառնալով Արաքս գետին մոտենալու հնարավորությանը՝ Փաշինյանը պատասխանել է. «Արաքս գետին տվյալ տարածքում՝ այո, բայց խոսքը Արտաշատ մայրաքաղաքի տարածքի մասին է, Արտաշատ մայրաքաղաքի ավերակների մասին»։

